11.09.2019 13:00

Ռոբերտ Պրոսինեչկին փոխել է որոշումը

Ռոբերտ Պրոսինեչկին փոխել է որոշումը

Բոսնիայի ու Հերցեգովինայի ֆուտբոլային ասոցիացիայի գործկոմի արտահերթ նիստում քննարկել են ազգային հավաքականի գլխավոր մարզչի հարցը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականից կրած պարտությունից հետո (4:2) Ռոբերտ Պրոսինեչկին հրաժարական էր տվել: Գործկոմի նիստի ժամանակ որոշվել է, որ Պրոսինեչկին շարունակելու է աշխատել հավաքականի հետ: Խորվաթ մասնագետը ստացել է ներկաների աջակցությունն ու փոխել է որոշումը:

- Բարոյական չէր լինի, եթե հրաժարական չտայի, բայց այսօրվա նիստից հետո գործկոմն աջակցեց ինձ և ես որոշեցի ավարտին հասցնել ընթացիկ ընտրական փուլը: Ես փորձում եմ պահել իմ դիրքորոշումս, երբ ինչ-որ բան որոշում եմ, բայց ֆուտբոլային ասոցիացիայի ներկայացուցիչները ցանկացան, որ ես շարունակեմ աշխատանքս մինչև ընտրական փուլի ավարտը,- նշել է Պրոսինեչկին:

Ստացվում է, որ Բոսնիան Պրոսինեչկիի գլխավորությամբ կանցկացնի նվազագույնը չորս հանդիպում, որոնք անցկացնելու է Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում: Մարզիչն ասել է, որ այս ընթացքում որոշակի փոփոխություններ են լինելու հավաքականում: