11.09.2019 13:24

Նեթանյահուն խոստացել է անեքսիայի ենթարկել Արևմտյան ափի մի հատվածը

Նեթանյահուն խոստացել է անեքսիայի ենթարկել Արևմտյան ափի մի հատվածը

Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն խոստացել է գրավել օկուպացված Արևմտյան ափի մի հատվածը Հորդանանի սահմանի մոտ, եթե հաջորդ շաբաթ իրեն վերընտրեն։

Նեթանյահուի ասելով՝ ինքը պատրաստ է Իսրայելի ինքնիշխանությունը տարածել Հորդանանի հովտում և Մեռյալ ծովի հյուսիսում։

Այս խոստումը նրա համար կարող է ապահովել աջակողմյան կուսակցությունների աջակցությունը, ինչը Նեթանյահուին հարկավոր կլինի իշխող դաշինք ստեղծելու համար։ Սակայն դա նաև երաշխավորում է հակազդեցություն պաղեստինցիների կողմից, որոնց կարծիքով՝ Արևմտյան ափի տարածքը պետք է մտնի ապագա անկախ պաղեստինյան պետության կազմի մեջ։

Իսրայելը Հորդանան գետի Արևմտյան ափը, Արևելյան Երուսաղեմը, Գազան և Գոլանի բարձունքներն օկուպացրել է 1967 թ․։ Այդ ժամանակից ի վեր Արևմտյան ափը գայթակղության քար է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում։

Փոխանցում է BBC-ն։