11.09.2019 18:04

Ազատամարտիկների Դաշինքի վարչության հայտարարությունը

Ազատամարտիկների Դաշինքի վարչության հայտարարությունը

Սիրելի հայրենակիցներ

Ազատամարտիկների Դաշինքը բազմիցս հայտարարել է, որ բոլոր հնարավոր օրինական միջոցներով պայքարելու է նախկին հանցավոր ռեժիմի վերարտադրման փորձերը կանխելու համար:

2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած արյունալի իրադարձությունների, դրան հաջորդած մարդու իրավունքների մասսայական ու աղաղակող խախտումների, երկրի սահմանադրական կարգը տապալելու և իշխանության բռնազավթումը կազմակերպելու հիմնական պատասխանատուներից մեկի՝ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, վաղը՝ սեպտեմբերի 12-ին կայանալիք դատավարությանն ընդառաջ, բողոքի գործողություններ են սկսել Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի առջև, փորձելով այդպիսով ճնշում գործադրել հարցը քննող դատավորի վրա:

Համոզված լինելով, որ այս ու նման գործողությունները միտված են պարզապես երկրում քաոս առաջացնելու միջոցով նախկինների ռեւանշի փորձերին աջակցելուն, վերահաստատելով հարցը բացառապես օրենքի ու օրինականության շրջանակներում լուծելու վերաբերյալ մեր դիրքորոշումը, Ազատամարտիկների Դաշինքը կոչ է անում և՛ իր բոլոր անդամներին, և՛ այս հարցով մտահոգ բոլոր քաղաքացիներին վաղը՝ ժամը 12:00-ին հավաքվել Շենգավիթի շրջանի ընդհանուր իրավասության դատարանի առջև՝ դատավորի վրա հնարավոր ճնշումները չեզոքացնելու և ռեւանշի ցանկացած փորձի դեմ օրինական բոլոր ճանապարհներով պայքարելու մեր հանձնառությունը հաստատելու համար:

Հ.Գ. Հիշեցնենք, որ համանման նախաձեռնությամբ է հանդես եկել նաեւ Հայ ազգային կոնգրեսը՝ կոչ անելով Հայաստանի քաղաքացիներին, որ վաղը հավաքվեն Շենգավիթի դատարանի առջեւ։