13.09.2019 11:33

Շնոբելյան մրցանակ-2019

Շնոբելյան մրցանակ-2019

Պարզվում է՝ եթե մագնիսական լիցք հաղորդեք սատկած խավարասերներին, ապա նրանք մագնիսական հատկություններն ավելի երկար են պահպանում, քան այդ կենդանի միջատները։

Այսպիսի զարմանալի եզրակացության է հանգել գիտնականների մի ամբողջ միջազգային թիմ՝ վեց երկրներից՝ Սինգապուր, Չինաստան, Ավստրալիա, Լեհաստան, ԱՄՆ և Բուլղարիա։

Զարմանալի չէ, որ այդ տարօրինակ հետազոտության արդյունքներով գրված գիտական աշխատանքը՝ «Ամերիկյան կենդանի խավարասերների կենսամագնիսական բնութագիրը», արժանացել է 2019 թ․ Շնոբելյան մրցանակի՝ «Կենսաբանություն» անվանակարգում։

Մրցանակի հանձնման հերթական՝ 29-րդ արարողությունը կայացել է հինգշաբթի երեկոյան, Հարվարդի համալսարանում։

Մրցանակի դափնեկիրներ են դարձել, ինչպես միշտ, 10 ամենատարօինակ ու անսովոր, զվարճալի անվանումներով և ոչ ակնհայտ պրակտիկ կիրառմամբ գիտական աշխատանքները։  Օրինակ՝ «Էկոնոմիկա» անվանակարգում հաղթել են նիդեռլանդցի գիտնականները, որոնք ուսումնասիրել են տարբեր երկրների փողերը՝ պարզելու համար, թե որ պետության թղթադրամներն են ամենից շատ փոխանցում հիվանդություն հարուցող մանրէներ։ Պարզվել է, որ ամենակեղտոտը՝ բառի բուն իմաստով, Ռումինիայի թղթադրամներն են։

Ի դեպ՝ մրցանակները հանձնում են իսկական Նոբելյան դափնեկիրները։

Փոխանցում է BBC-ն։