13.09.2019 14:30

Սնոուդենը նշել է, թե որ դեպքում կվերադառնա Միացյալ Նահանգներ

Սնոուդենը նշել է, թե որ դեպքում կվերադառնա Միացյալ Նահանգներ

ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը, որն ապաստան է ստացել Ռուսաստանում, ԱՄՆ կարող է վերադառնալ միայն այն դեպքում, եթե հույս ունենա, որ իր գործը կքննվի անաչառորեն։

Այդ մասին նա հայտարարել է ԱՄՆ ազգային հանրային ռադիոյի լրագրողներին տված հարցազրույցում, որը հրապարակվել է հինգշաբթի օրը։

Սնոուդենը, որին ամերիկյան իշխանությունները մեղադրում են լրտեսության վերաբերյալ օրենքները խախտելու մեջ, ընդգծել է, որ  ԱՄՆ երդվյալ ատենակալներին անհրաժեշտ է ծանոթանալ այն գաղտնի տեղեկություններին, որոնք ինքը փոխանցել է լրագրողներին։

«Չի կարող արդար դատավարություն լինել տեղեկատվության բացահայտման վերաբերյալ, եթե երդվյալ ատենակալները չեն կարող գնահատել՝ արդյո՞ք ճիշտ քայլ էր այդ տվյալները բացահայտելը»,- ամփոփել է Սնոուդենը։

Նա նշել է, որ եթե ինքը ԱՄՆ վերադառնա միայն նրա համար, որ իր նկատմամբ դատավճիռ արձակեն, ապա դա սխալ ազդանշան կլինի ուրիշների համար, ովքեր կուզենային տվյալներ հրապարակել իշխանության թույլ տված թերացումների մասին։

Փոխանցում է tass.ru-ն։