25.09.2012 02:09

Հունաստանի խորհրդարանի խոսնակն իրեն վերագրվող մեղադրանքներին ի պատասխան հրաժարական է տվել

Հունաստանի խորհրդարանի խոսնակն իրեն վերագրվող մեղադրանքներին ի պատասխան հրաժարական է տվել

Հունաստանի խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսը երկուշաբթի՝ սեպտեմբերի 24-ին հայտարարել է, թե հրաժարվում է զբաղեցրած պաշտոնից, մինչեւ կհրապարակվեն հարկային չարաշահումների վերաբերյալ քննության արդյունքները, փոխանցում է РИА-Новости-ն:

Նա այդ քայլին է գնացել այն բանից հետո, երբ օրերս մամուլում հրապարակված մի հոդվածում անօրինական փողերի լվացման մեջ կասկածվող պաշտոնյաների թվում նշվել է նաեւ խորհրդարանի խոսնակի անունը:

Ընդ որում, Մեյմարակիսը ի սկզբանե հերքել է հոդվածում իրեն վերագրվող մեղադրանքները, սակայն որոշել է հրաժարվել զբաղեցրած պաշտոնից՝ մինչեւ քննությունը կպարզի ճշմարտությունը:

Ուշագրավ է, որ հայրենի Հայաստանի հանրապետությունում ոչ միայն մամուլում պարբերաբար հայտնվող՝ պետական ոլորտում թույլ տրված չարաշահումների մասին տեղեկությունները, այլեւ նույնիսկ պետության ղեկավարի հրապարակային հայտարարությունը խոշոր չափերի չարաշահումների մասին չեն ստիպում որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի՝ գնալ «ինքնազոհողության» եւ հրաժարվել զբաղեցրած պաշտոնից: