13.09.2019 15:16

Պարզվել է՝ Իտալիայում պեղումների ժամանակ հայտնաբերված «սիրահարները» տղամարդիկ են

Պարզվել է՝ Իտալիայում պեղումների ժամանակ հայտնաբերված «սիրահարները» տղամարդիկ են

Իտալիայի հնագույն գերեզմանատեղիում,  միևնույն գերեզմանում 2009 թ․ հայտնաբերված երկու կմախքները պատկանում են տղամարդկանց, պարզել են հետազոտողները։ Նախկինում կարծում էին, թե դրանք տղամարդու և կնոջ մասունքներ են։

Գերեզմանատեղին հայտնաբերվել է իտալական Մոդենա քաղաքում պեղումների ժամանակ։ Կմախքները, որոնք հայտնի են դարձել որպես «սիրահարներ Մոդենայից», իրար ձեռք բռնած են ու նայում են միմյանց։

Մասունքները վատ են պահպանվել, դրա համար էլ նրանց սեռական պատկանելությունն անմիջապես հնարավոր չի եղել պարզել։ Դա հաջողվել է անել ատամի էմալի  քննության ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ։

Ըստ գիտնականների՝ տղամարդիկ թաղվել են մեր թվարկության IV և VI դարերի միջև ընկած ժամանակահատվածում։ Թե նրանք ինչ հարաբերություներ են ունեցել հայտնի չէ։ Գիտնականների կարծիքով՝ նրանք կարող են եղբայրներ լինել, կամ զինվորներ, որ զոհվել են նույն մարտում։ Սիրահարների վարկածը գիտնականներից շատերը քիչ հավանական են համարում, քանի որ այն ժամանակներում կրոնական սահմանափակումները թույլ չէին տալիս բացահայտ ցուցադրել համասեռական հարաբերությունները։

Փոխանցում է BBC-ն։