13.09.2019 15:46

Լիզա Ճաղարյան. Տարօրինակը տարօրինակ է, բայց էսքա՞ն

Լիզա Ճաղարյան. Տարօրինակը տարօրինակ է, բայց էսքա՞ն

Հիշեցնեմ Հայաստանի արդարադատության ձգտող հանրությանը։

Երեկ Շենգավիթի դատարանի առջեւ, Ռոբերտ Քոչարյանի «աջակիցները» հարվածել ու գետնին են տապալել 57-ամյա մի տղամարդու եւ գազանաբար ծեծել են այնքան, որ, այլ վնասվածքների հետ մեկտեղ, այս քաղաքացու ոտքը կոտրվել է։ Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, եւ ըստ բժիշկների՝ այսօր վիրահատելու են տուժածին։

Եվ ի՞նչ։ Ոչինչ։ Բազմաթիվ վկաների աչքի առջեւ կատարված հանցագործությունից հետո ոչ ոք չի ձերբակալվել, եւ մինչ այս պահը քրեական գործ չի հարուցվել։

Կրկնում եմ. քաղաքացուն այնպիսի գազանությամբ են ոտքի տակ տվել ու քացահարել, որ ոսկորները փշրվել են, եւ ոչ մի պատժվող չի նշմարվում հորիզոնում։

Ավելին, գրեթե քար լռություն է տիրում լրատվամիջոցներում. եւ ո՛չ միայն այն կայքերում, որոնց հետեւում եւ ամեն օր տեսնում եմ, թե ինչ վայնասուն են բարձրացնում իշխանությունների ամենաչնչին սայթաքումների դեպքում։

Տարօրինակը սա չէ։ Քաղաքական իրավիճակին եւ նախկինների կատարածու ԶԼՄ-ներին քիչ թե շատ հետեւող Հայաստանի քաղաքացիները վաղուց գիտեն, որ այս լրատվամիջոց կոչեցյալները մինչեւ երկինք վայնասուն կբարձրացնեին, եթե ծեծվողը քոչարյանականների խմբակից լիներ։ Սրանք չեն էլ թաքցնում, որ իրենց «անաչառության» վազքը մինչեւ կատվի մարագն է, որտեղ էլ իրենց ֆինանսավորում են եւ ուղղորդում։

Տարօրինակն այն է, որ այս հովվերգական անտարբերությունն է թագավորում նաեւ այն լրատվամիջոցների էջերում, որոնք կարծես թե հանուն արդարության հաստատման հեղափոխության կրողներից են։

«Նախանձելի» լրագրողական համերաշխություն։

Ի՞նչ է կատարվում։

Ազնիվ խոսք, չեմ հասկանում։ Այնքան անտրամաբանական է այս կեցվածքը, այնքան տարօրինակ ու այնքան «մութ», որ ոչինչ չեմ կարող ասել։ Չեմ կարող ասել, որովհետեւ սրա բացատրությունը չեմ գտնում, ինքս էլ «դավադրությունների» տեսաբան ու սիրահար չեմ, որ փորձեմ բացահայտել, թե «ով ում հետ ա» եւ ինչու։

Ես ընդամենը պարզորոշ տեսնում եմ, որ երկրի գլխին կախված սպառնալիքների լուծման հարցում անհասկանալի դանդաղկոտություն եւ վեհերոտություն ցուցաբերող օրենսդիրները եւ կառավարությունն ամեն անգամ «օրենքի գերակայություն» են թափ տալիս Հայաստանի քաղաքացիների քթի տակ՝ արդարացնելու համար իրենց որդեգրած անբացատրելի կեցվածքը, իսկ ահա այս պարզագույն հանցագործության դեպքում, երբ իրենց այդքան «փայփայած» օրենքը պետք է գործադրել առանց զանազան հանձնաժողովներ կազմելու ու «կնճիռը» պարզաբանելու, մեկ էլ տեսնում ենք՝ այս դեպքում օրենքն առաջնային չէ։

«Դե՛ ծեծել են, դե՛ ոտքը կոտրել են, մեծ բան չի, ի՞նչ եք ընկել մանԴր բաների հետեւից»։

Ես արդեն չեմ էլ ուզում ոստիկանությանը մեղադրել։ Ոստիկանության այս անճարակության հարցում ոստիկանապետը գուցե մեղավոր է, բայց վերեւում ներկայացված հակիրճ պատկերը հուշում է, որ ի՛նքը չի գլխավոր մեղավորը։

Կրկնում եմ հարցս՝ ի՞նչ է կատարվում։