13.09.2019 16:17

ԶԼՄ․ ԱՄՆ-ում պնդում են, որ Ուգո Չավեսը հրամայել է իրենց երկիրը «թաղել» կոկաինի մեջ

ԶԼՄ․ ԱՄՆ-ում պնդում են, որ Ուգո Չավեսը հրամայել է իրենց երկիրը «թաղել» կոկաինի մեջ

ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի վարչության զեկույցում  նշվում է, որ Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսը (1954-2013) հրամայել է Միացյալ Նահանգները «հեղեղել» կոկաինով։ Այդ մասին ուրբաթ  տեղեկացրել է El Mundo թերթը։

Թերթի տեղեկություններով՝ ԱՄՆ դատական իշխանությունները ամերիկյան վարչության զեկույցն ուղարկել են Իսպանիայի ազգային դատական կոլեգիային։

 Զեկույցում ասվում է, որ Ուգո Չավեսը 2005 թ․ իր պաշտոնական նստավայրում հավաքել է հետախուզության հետ կապված մարդկանց և նրանց հրահանգել է «պայքարել ԱՄՆ-ի դեմ ու այդ երկիրը թաղել կոկաինի մեջ»։ Այդ պլանն իրականացնելու համար Վենեսուելայի նախկին նախագահը, իբր, նշել է, որ անհրաժեշտ է աշխատանքը համակարգել «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» ձախ-արմատական խմբավորման հետ, նշվում է զեկույցում։

ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի վարչություն իր տեղեկությունները, ի թիվս այլ փաստերի, հիմնել է այդ հանդիպմանը ներկա եղած մարդկանցից մեկի ցուցմունքների վրա։

Այդ հանդիպմանը ներկա է եղել նաև Վենեսուելայի ռազմական հետախուզության նախկին ղեկավար Ուգո Կառվահալը, որը թմրավաճառքի գործով ապրիլին ձերբակալվել էր Իսպանիայում ԱՄՆ-ի հայցով։

Միացյալ Նահանգների կարծիքով՝ Կառվահալը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին մերկացնող կարևոր տեղեկություններ ունի և պատրաստ է դրանք տրամադրել ամերիկյան կողմին։

Փոխանցում է tass.ru-ն։