14.09.2019 17:23

Լիզա Ճաղարյան. Նույն ձեռագիրն է՝ ինչ Հոկտեմբերի 27-ից հետո էր

Լիզա Ճաղարյան. Նույն ձեռագիրն է՝ ինչ Հոկտեմբերի 27-ից հետո էր

Քոչարյանական խաժամուժի պիղծ թաթը հասավ Մարտի 1-ի անմեղ զոհերի հարազատներին։

Այս նողկալի հարձակմանն անդրադարձիս նպատակն այդ հարգարժան մարդկանց պաշտպանելը չէ թափթփուկների եւ նրանց «հերոսի» օդ արտանետած գարշահոտից։ Տասը տարուց ավելի իրենց հոգիներում մխացող կսկիծն արժանապատվորեն տանող այդ մարդիկ իմ պաշտպանության կարիքը չունեն։

Եվ Հայաստանում չի գտնվի մեկ մարդ (եթե գանգատուփում ուղեղի գեթ մեկ ծալք ունի), որ մինչեւ հիմա չգիտի. ե՛ւ երեկ, ե՛ւ այսօր իրենց հոգիները ծախողներին պետք է փնտրել միմիայն ռոբասերժական ավազակախմբի եւ սրանց մանրումեծ լաքեյների շրջապատում։

Որովհետեւ քսան տարի շարունակ Հայաստանից թալանված միլիարդները սրա՛նց գրպաններում են։ Հակադիր ճամբարում գտնվողները, ի տարբերություն այս յոթ ճանապարհների ավազակների, կոպիտ ասած՝ «վճարունակ» չեն, որ հոգիների առուծախով զբաղվեն։ Եթե նույնիսկ նույնքան ճիվաղ դառնան, որքան «անարդար դատվող» ոճրագործներն են։

Ընդամենը մեկ թեթեւակի հայացքով գնահատենք, թե ովքեր են այսօր «Քոչարյան հերոս» ճղավողները, ինչ արժեքների կրողներ են, ջեբկիրի ինչ «հարուստ» կենսագրություն ունեն, քանի դեմք են փոխել իրենց անցած ստորաքարշ ճանապարհի ընթացքում եւ անցնենք առաջ։

Մարտի 1-ի անմեղ զոհերի հարազատներին «արյուն ծախելու» ճիվաղային մեղադրանքի հեղինակային իրավունքը պատկանում է Ռոբերտ Քոչարյանին։

Նոր սերունդը չի հիշի, բայց 1999-ի Հոկտեմբերի 27-ի զարհուրելի ոճրագործության ժամանակակիցներս ու ականատեսներս չենք մոռացել, որ իշխանություններն ու քոչարյանական լրատվամիջոցները եւ հատկապես Քոչարյանի «անձնական բոստան» Հանրային հեռուստատեսությունն ամենալկտի բառապաշարով, դահճի սառնասրտությամբ հեգնում ու ծաղրում էին Հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատներին, վարկաբեկում էին զոհերի իրավահաջորդներին ու փաստաբաններին։

Միաժամանակ՝ երբեք թթու խոսք չէիր լսի «ռոմանտիկ նարկոման» ահաբեկիչների հասցեին. սրանց դեպքում քոչարյանական հացկատակները նախանձելի զսպվածությամբ «անաչառ» տեղեկություններ էին հայտնում՝ առանց ծամածռելու իրենց ճկուն ծնոտները եւ առանց մեղադրանքի ու հեգնանքի նշույլի։

Այնպես որ, ապշահարությունից կարկամելու կարիք չկա. որքան շատ բարբաջեն, այնքան ավելի ամբողջական կդառնա սրանց ճիվաղային բնութագիրը։

Իրենց «հերոսի» դիրիժորությամբ։