14.09.2019 17:00

Աշոտ Սարգսյան. Սա հայկական պետականության լինել-չլինելու հարց է

Աշոտ Սարգսյան. Սա հայկական պետականության լինել-չլինելու հարց է

Մարտի 1-ի հետ կապված ամենասուր հարցը սպանությունների բացահայտումն է, եւ դա մարդկային զգացումների եւ ընկալումների հարթության վրա ավելի քան հասկանալի է։

Մարդկային ընկալումների եւ զգացումների հարթության վրա երկրորդ սուր հարցը հարյուրից ավելի քաղբանտարկյալների խնդիրն է. մարդիկ բացարձակ անհիմն մեղադրանքներով դատապարտվել ու պատիժ են կրել։

Այս երկու խնդիրները, քաղաքական բաղադրիչ ունենալով հանդերձ, արդարադատության հարցեր են։

Մարտի 1-ին կատարված սահմանադրական կարգի տապալումը, ինչում մեղադրվում են Ռ. Քոչարյանը եւ մյուսները, այն միակ քրեական,  ծանրագույն հանցագործությունն է, որ բարձրացված է սահմանադրական արձանագրման մակարդակի եւ ամբողջությամբ քաղաքական խնդիր է։ Չլինեին զոհերը, քաղբանտարկյալները, հարյուրավոր ու հազարավոր այլ տուժողներ, լիներ միայն սահմանադրական կարգի տապալումը, այդ ծանրությունից ոչինչ չէր պակասի։

Իր քաղաքական տարողությամբ և հետևանքներով Մարտի 1-ը նույնքան շրջադարձային է, որքան հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը ։ Երկուսն էլ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու մեջ առաջացրին սեփական երկրում, սեփական իշխանությունից անպաշտպանության զգացում։ Բայց Հոկտեմբերի 27-ի դեպքում այդ զգացումը միջնորդավորված էր, Մարտի 1-ի դեպքում՝ անմիջական։

Մարտի 1-ը, որպես ծանրագույն հանցագործություն, շատ ավելին է, քան 10 սպանությունների, հարյուրից ավելի քաղբանտարկյալների, սահմանադրական կարգի տապալման, անհամար ապօրինությունների եւ այլն մեխանիկական գումարը։ Որովհետեւ որպես հանցագործություն՝ այն էպիզոդ չէր, այլ բնական հետեւանք-արտադրանքը իշխանական այն համակարգի, որի քաղաքագիտական որակումը «ավազակապետությունն» է, եւ որի ճարտարապետը եւ կառուցողը նույն Ռ. Քոչարյանն է։ 2008թ. մարտի 1-ին ավազակապետական այդ համակարգը ի տես բոլորի ցցվեց իր ողջ հասակով ու մերկությամբ։ Այնպես որ՝ «Մարտի 1-ը» որպես անուն-խորհրդանիշ-բնութագրիչ կարող է ծառայել ավազակապետության 20-ամյա ողջ շրջանի համար։

Մինչեւ վերջ մերժելով ամեն մի փարիսեցիություն՝ ասենք. յուրաքանչյուր մարդ իր մտքում ունի հետեւյալ  հիմնական հարցադրումը. Հայաստանը, որպես պետություն, կարո՞ղ է ապահովել իր եւ իր սերունդների անվտանգ եւ արժանապատիվ կյանքը։ Մարտի 1-ը այս հարցադրման «ոչ»-ի նժարին դրված ամենածանր կշռաքարն էր եւ վաղուց արդեն խորհրդանշում է այդ նժարն ամբողջությամբ։ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրվա համազգային տոնախմբությունը  այլ բան չէր, քան իրական այն հույսը, որ յուրաքանչյուրի մեջ եղած հիմնական հարցադրման «ոչ»-ի նժարից հերթով կընկնեն բոլոր կշռաքարերը։ Իսկ այդ «հերթի» մեջ, տրամաբանորեն, առաջինը պետք է  ընկնի ամենածանրը՝ Մարտի 1-ը։

Այնպես որ, իրերի բերմամբ, ընթացող դատավարությունը ոչ միայն արդարադատության, ոչ միայն ծանրագույն հանցանքի մեջ մեղադրվողներին պատժելու իրավական, այլ շատ մեծ քաղաքական հարց է լուծելու, այն է՝ կարո՞ղ է Հայաստանը լինել պետություն իր քաղաքացու անվտանգությունն ու արժանապատիվ կյանքը պաշտպանելու առաջնային գործառույթով, թե՞ չի կարող։ Սա հայկական պետականության լինել-չլինելու հարց է։ Եւ երկիրն ու ժողովուրդը լինել-չլինելու այս հարցադրմանը հասցրած անձի «անձեռնմխելիությունից» խոսելը անպատվություն ու անարգանք է նույն այդ երկրի ու ժողովրդի նկատմամբ։