14.09.2019 17:51

ՍԴ. Հատուկ կարծիքներ, որ խառնել են նախկինների պլանները

ՍԴ. Հատուկ կարծիքներ, որ խառնել են նախկինների պլանները

Սահմանադրական դատարանի կայքում երեկ վերջապես հրապարակվեցին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի դիմումի վերաբերյալ ՍԴ դատավոր Արման Դիլանյանի եւ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի հատուկ կարծիքները:

 Դիլանյանը պնդում է` գործը ենթակա էր կարճման, Թոխյանն էլ՝ որ ՍԴ-ն այս հարցում ընդհանրապես անելիք չուներ, եւ եթե չշտապեր` այլ որոշում կկայացներ:

Եւ միանգամից պարզ դարձավ, թե ինչու էր հրապարակումից ժամեր առաջ «նախկինական» մեդիայով տեղեկատվական արշավ սկսվել Արման Դիլանյանի դեմ:

Բնական ու տրամաբանական էր, որ ՍԴ ճգնաժամի ֆոնին, երբ Հրայր Թովմասյանը,  ՍԴ մի քանի այլ անդամների հետ, հաշվի չառնելով Բարձր դատարանի անունն ու համբավը` ստանձնել է նախկինների համար քաղաքական հարցեր լուծելու դերակատարությունը, հանրությունը սպասում էր, թե ինչպիսին են Դիլանյանի եւ Թոխյանի հատուկ կարծիքները:

Ուստի եւ, հիմա արդեն պարզ է դառնում, որ կարծիքները կայքում տեղադրելուց առաջ փորձ արվեց տեղեկատվական դաշտում վարկաբեկել հատուկ կարծիքի հեղինակ դատավորին` հույս ունենալով, որ այդ պարագայում նրա հեղինակած հատուկ կարծիքի վերաբերյալ հանրային ընկալումը հնարավոր կլինի փոխել կամ խեղել, այդպիսով` նվազեցնելով այն լուրջ եւ ծանրակշիռ հանգամանքը, որն ի հայտ է գալիս Թոխյանի եւ Դիլանյանի հատուկ կարծիքների հրապարակումից հետո:

Սխեման պարզագույն էր ավելի քան. հրապարակվեց հոդված Դիլանյանի եւ ՍԴ մեկ այլ դատավորի` Վահե Գրիգորյանի մասին, ապա այն մեծ արագությամբ տարածվեց բոլոր այն մեդիաներով, որոնք այս կամ այն կերպ առնչվում են ՀՀԿ-ականների կամ Քոչարյանի հետ: Վարկաբեկման փորձի բովանդակությունը եւս նույնքան պրիմիտիվ էր` իբրեւ թե Դիլանյանը խորհրդակցական սենյակից արտահոսքեր է կազմակերպում, եւ որ նրա տեքստերի վրա իրականում աշխատում է Վահե Գրիգորյանը, նրանք միասին ճաշում են՝ նման կենցաղային մանրուքներ, եւ որ իբրեւ թե Դիլանյանին դատավոր դառնալու հարցի վրա դրական ազդեցություն է ունեցել Հրայր Թովմասյանը, եւ վերջում էլ` ինքնահուսադրող եզրակացություն, թե Դիլանյանն ու Գրիգորյանը անցողիկ են, իբր թե՝ «մերոնք ռեւանշ կանեն», իսկ Թովմասյանը մնացող է:

Նախ հայտնի է, որ Դիլանյանը դատավոր է ընտրվել հեղափոխությունցի հետո, այսինքն այն ժամանակ, երբ խորհրդարանում արդեն իսկ թեւածում էր հեղափոխության շունչը, եւ Հրայր Թովմասյանը որեւէ կերպ այդ ընտրության վրա ազդեցություն ունենալ չէր կարող: Ճիշտ այնպես, ինչպես այդպիսի ազդեցություն չուներ երբեւէ նախկին իշխանության մոտ: Նա պարզ կատարող էր, պարզապես, ի տարբերություն նրանց, ովքեր ՀՀԿ-ական էին ի սկզբանե, ավելի շատ էր ջանում, քանի որ ընդդիմությունից էր անցել ՀՀԿ-ի շարքերը, եւ բնական է, որ եթե վատ աշխատեր, ու հեռացվեր այն ժամանակ իշխող ՀՀԿ-ից, ապա դե ֆակտո այլեւս գնալու տեղ չէր ունենա: Բացի այդ, ցանկացած անձ, որը երբեւէ տեսել է մի սեղանի շուրջ հավաքված ՀՀԿ-ական համեմատաբար երիտասարդ պատգամավորներին եւ Թովմասյանին, կարող է շատ խոսուն նկարագրել, թե այդ պատգամավորները իրականում ինչպես էին վերաբերվում Թովմասյանին, եւ հետեւաբար՝ նրա ազդեցիկության մասին լուրերը, մեղմ ասած, խիստ չափազանցված են:

Բայց շտապողականության մեջ, այդ տեղեկատվական գրոհի հեղինակները մոռացել են կարդալ նաեւ իրենց գրած տեքստի տողատակերը` այն է` նախկինում էլ, Գագիկ Հարությունյանի օրոք, վերջինս է գրել որոշման նախագծերը, եւ դատավորները եթե անգամ համաձայն չեն եղել, լռել են (այսինքն` փաստորեն, ըստ այդմ` դատավորները ձեւական դերակատարություն են ունեցել), ու հիմա Թովմասյանը նույն մեթոդով է փորձել աշխատել, մեկ էլ արի ու տես, կան դատավորներ, որոնք կարծում են, որ եթե դատավոր են կամ ՍԴ անդամ, ապա լռելու փոխարեն պիտի կատարեն իրենց բուն պարտականությունները, եւ թույլ չեն տալիս, որ Թովմասյանը իրենց բոլորի փոխարեն որոշումների տեքստեր գրի:

Այսինքն, իրենցից անկախ, խոստովանել են, որ Թովմասյանը փորձում է ապօրինություններ անել, բայց դատավորները թույլ չեն տալիս իրենց անունից եւ իրենց փոխարեն տեքստեր գրել:

Բայց դառնանք հատուկ կարծիքներին: Կարդալով դրանք, ինչպես նշեցինք, արդեն հասկանալի է, թե ինչից էր նեղվել Թովմասյանը:

Բայց առավել ուշագրավ է այն, որ Թովմասյանի պլանը, փաստորեն, չաշխատեց:

Որովհետեւ բավական էր հատուկ կարծիքները հայտնվեին մամուլի էջերում, եւ ի հեճուկս Թովմասյանի՝ հանրային արձագանքը եղավ ավելին, քան կարող էին սպասել անգամ այդ կարծիքների հեղինակները: Եթե մինչեւ Քոչարյանի վերաբերյալ որոշումը հանրային վերաբերմունքը ՍԴ-ի հանդեպ ընդհանրական առումով խիստ բացասական էր, ապա այժմ հանրային վերաբերմունքում Դիլանյանն ու Թոխյանը զատվել եւ զտվել են եւ ագամ ընկալվում են որպես հերոսներ, ովքեր ներսից են կռիվ տալիս ՍԴ-ի վարկաբեկման դեմ:

Արդյունքում՝ Թովմասյանի համար ամեն ինչ ավելի վատ ստացվեց, հանրային գիտակցության մեջ արդեն ուրվագծվել են այն ՍԴ դատավորներն ու ՍԴ անդամը, որոնք փորձում են բարձր պահել Բարձր դատարանի անունը, եւ ովքեր հենց պետք է մնացող լինեն` ի տարբերություն մյուսների, ովքեր հանրային պահանջում վերջնականապես դարձան «գնացական»:

Հանրությունը մեղավոր չէր, ոչ էլ իշխանությունը, Թովմասյանն իր վարքով ու տեքստով, ու ՍԴ մի քանի անդամները` իրենց լռությամբ, իրենք են գծել սահմանը, իրավունքն ու Բարձր դատարանի հեղինակությունը պաշտպանելու փոխարեն` նախկինների փաստաբանական թիմին միանալով` իրենք են հեղինակել ջրբաժանը, ու իրենք են ուրվագծել հստակ այն պատկերը, թե ինչպիսին պետք է եւ ինչպիսին չպետք է լինի ՍԴ դատավորը:

 

Պարգեւ Ապրեսյան