16.09.2019 13:00

Արթուր Ալեքսանյանը կողի կոտրվածք է ստացել

Արթուր Ալեքսանյանը կողի կոտրվածք է ստացել

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը վնասվածք է ստացել Ղազախստանում ընթացող ԱԱ-ի կիսաեզրափակչում։

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։ 

«Իրանցի ըմբիշի հետ գոտեմարտում զգացնել տվեց Արթուրի ջարդված կողը. չնայած վնասվածքին` Արթուրը կրկին հաղթեց՝ 4։3:

Կիսաեզրափակչում վրացի մարզիկի արգելքը հաղթահարելուց հետո արդեն ականատես եղանք, թե ինչպես էր Արթուրը դժվարությամբ շնչում։

Քիչ առաջ կապ հաստատեցի Արթուրի ընտանիքի անդամների հետ. պարզվում է` վերջին գոտեմարտի ընթացքում Արթուրի մյուս կողն էլ է կոտրվել, ինչը խանգարում է շնչելուն ու, բնականաբար, իր լավագույն որակները ցուցադրելուն: Եվ չնայած վնասվածքին` Ճերմակ արջն այսօր միայն հաղթանակներ է գրանցել ու բոլորիս հպարտության անզուգական պահեր պարգևել»,- գրել է Մխիթար Հայրապետյանը։

Հայրապետյանը նաև ընդգծել է, որ ցանկացած պարագայում մեզ համար ամենակարևորն ու ամենաթանկն իր առողջությունն է` վեր ամեն տեսակի մեդալից․

«Եվ եթե ստացվի այնպես, որ Ալեքսանյանը վաղն ի վիճակի չլինի դուրս գալ մրցագորգ, միևնույն է, նա մեզ համար լավագույնն է` լեգենդար ըմբիշ իր քաշային կարգում, որը հասցրել է կոտրել բազմաթիվ կարծրատիպեր իր մարզական կարիերայի ընթացքում»,- գրել է Մխիթար Հայրապետյանը։

Հիշեցնենք` եզրափակչում Արթուրի մրցակիցը կլինի Ռուսաստանը ներկայացնող, այս քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն Մուսա Եվլոևը։ 97 կգ քաշային կարգի երզրափակիչը կկայանա վաղը։