16.09.2019 09:30

Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է Բաբկեն Արարքցյանին

Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է Բաբկեն Արարքցյանին

Այսօր «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Հայոց Համազգային Շարժման հիմնադիր անդամ, ՀՀ Գերագույն խորհրդի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ (1991-1998թթ․) Բաբկեն Արարքցյանի ծննդյան օրն է։ Լրանում է նրա 75-ամյակը։

Անհնար է գերագնահատել Բաբկեն Արարքցյանի դերակատարությունն ինչպես Արցախյան շարժման, այնպես էլ նորանկախ Հայաստանի արձանագրած հաջողություններում։ Համազգային շարժման ղեկավարության, իսկ այնուհետև՝ ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարի կարգավիճակում, Բաբկեն Արարքցյանն իր անկյունաքարային մասնակցությունն է բերել 1988 թվականից այս կողմ ընկած և Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող բոլոր գործընթացներում․ Արցախյան շարժում, ինքնապաշտպանական ջոկատների, այնուհետ նաև՝ ՀՀ զինված ուժերի կազմավորում, անկախության հանրաքվեի կազմակերպում և փայլուն անցկացում, նորանկախ Հայաստանի խորհրդարանի, որպես ժողովրդավարության կարևորագույն ինստիտուտի կայացում, քաղաքական ու տնտեսական համարձակ բարեփոխումների իրագործում։ Առանձնահատուկ շեշտելի է Բաբկեն Արարքցյանի՝ որպես Սահմանադրական հանձնաժողովի համանախագահի դերը ՀՀ Սահմանադրության մշակման և ընդունման գործում։ Նաև նրա էական դերակատարության արդյունքում Հայաստանն ունեցավ մի Սահմանադրություն, որն իր կիրառման ողջ ընթացքում ոչ միայն չդարձավ քաղաքական-սահմանադրական թնջուկի պատճառ, այլև հնարավորություն տվեց լուծելու երկրում առաջացած մի քանի սուր ճգնաժամեր։ 

Վերը թվարկվածը կրկնակի է արժևորվում Բաբկեն Արարքցյան պետական գործչի դրսևորած որակների համակցությամբ՝ ազնվությամբ, սկզբունքայնությամբ, համարձակ կեցվածքով և պետականությանն ու ժողովրդին իր անմնացորդ նվիրումով։  Իսկ այս ամենի կողքին նաև՝ ընկերասեր, բարի և նուրբ հումորի տեր մարդ։ 

Սրտանց շնորհավորելով մեր ավագ ընկերոջն այս հոբելյանի առիթով, մաղթում ենք նրան քաջառողջություն, առույգություն` դեռ երկար տարիներ նրա անհրաժեշտ ներկայությունը վայելելու ակնկալիքով։ Վստահ ենք՝ պատմությունը Բաբկեն Արարքցյանին իրավացիորեն ու արժանիորեն դասելու է Հայաստանի անկախության նվաճման, պետականության կայացման և ղարաբաղյան ազատամարտի հաջողության ճարտարապետների պատվավոր շարքում։