18.09.2019 11:16

Արսեն Գրիգորյան. Ի՞նչն է խանգարում վատ «կռուտիտ» անողին

Արսեն Գրիգորյան. Ի՞նչն է խանգարում վատ «կռուտիտ» անողին

Քոչարյանի կողմնակիցները երեկ ծանր հարված ստացան։ Ինչո՞ւ ծանր։ Որովհետեւ ամբողջ էությամբ սպասում էին, որ դատավորը ազատ է արձակելու նրան։ Կողմնակիցները հոգեկան աշխարհի բոլոր կարգավորումներն արել էին ըստ ազատմանը պատրաստվելու փաստի։

Նրանք մտովի սեղմում էին իրենց աջակցությունից գոհ ու շնորհակալ Քոչարյանի ձեռքը, նրանք արդեն գիտեն, որ իրենց գինը պիցայից ավելին է։ Նրանք հույս ունեին, որ Քոչարյանը բարձրացնելու է իրենց գնահատելու խաղադրույքը։ Նրանք բոլոր նյարդերով Քոչարյանին ճանապարհել էին տուն եւ իրենց ուժ էին զգում։ Նրանք իրենց հարգն էին գնահատում դատավորի վճռով։

Եվ հանկարծ դատավորը կարդում է, որ փաստաբանները միջնորդություն են ներկայացրել «մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու...»։ Հնչում են կողմնակիցների ծափերը, փաստաբանական թիմն ուզում է տեղից թռչել՝ Քոչարյանն ազատության մեջ է, դատավոր Դանիբեկյանը, պարզվում է, իրենց «մարդն» է։ Իսկ դատավորը աղմուկի մեջ շարունակում է՝ «վերաբերյալ»։ Այսինքն, «փաստաբանները միջնորդություն են ներկայացրել մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ»։ Ու վերջ, փլվում է երկինքը Քոչարյանի եւ նրա բոլոր կողմնակիցների գլխին։ Նյարդային փոքրիկ ցնցումը Քոչարյանը չի կարողանում թաքցնել, մինչդեռ նրա ազատության հակառակորդները ցնծում են, ուրախության հերթը նրանցն է։ Քոչարյանը կմնա կալանավորված։ Ու կմտածի, թե փող որտեղի՞ց գտնի, որ գոնե գրավի դիմաց վճարի, եթե հանկարծ դատարանը բավարարի գրավի դիմաց խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Դե, իհարկե, դատարանը նրան ուղղակի ազատ չի արձակի։ Օրենքը հացի հետ չի կերել։

Որքան էլ տարօրինակ է, փաստաբանները շարունակելու են ցնծալ։ Որովհետեւ ազատության մեջ գտնվող Քոչարյանը հաստատ կփորձի զսպել նրանց ախորժակը, որովհետեւ իր պայքարի էջը փակվեց, ինքն ազատության մեջ է, էլ կռիվ տալու բան չկա։ Չէ՞ որ ինքը գիտի, որ անմեղ չէ, եւ անմեղության համար կռիվ տալն իմաստ չունի։ Որովհետեւ, գրողը տանի, եթե կրակելու հրաման չի եղել, ինչո՞ւ են Մարտի 1-ին կրակված փամփուշտների 90 տոկոս պարկուճները փոխած։ Եթե սպանելու հրաման չի եղել, ինչո՞ւ որեւէ մարդասպան 10 տարվա մեջ չի բացահայտվել։ Քոչարյանի փաստաբանները նույնպես այս հարցերն ունեն, ու նրանց պատասխանները հետաքրքիր չեն։ Հետաքրքիր է անձամբ վճարունակ Քոչարյանը, որը երեկ դատարանի դահլիճում ողբում էր, որ իր բոլոր հաշիվները սառեցված են։ Իբր՝ նախագահ է աշխատել երկրի բյուջեն հանգիստ թողնելով։ Փաստաբանները հո գիտե՞ն, որ այդպես չէ։ Եթե իսկապես այդպես է, նրանք այսօր արդեն պիտի փախչեին այդ մարդուց։ Անվճարունակի հետ ի՞նչ գործ ունեն։ Հատկապես Ալումյանն ու Ռուբիկ Սահակյանը։ Նրանք հո պարա՞պ չեն։ 

Այսպիսով, դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը փաստաբանների համար նոր դուռ է՝ ձգձգելու դատավարությունը։ Որպեսզի փողի հոսքը չկանգնի։ Ու դա հազիվ թե «նյարդացնի» իսկապես նյարդային Քոչարյանին։ Որովհետեւ եթե նա անմեղ է, առաջինը պետք է ցանկանար եւ պահանջեր, որ դատավարությունն ընթանար ամբողջ թափով։ Ու ամբողջ թափով ի տես երկրի բացահայտեր իր անմեղությունը։ Որպեսզի դուրս գա կալանավայրից։ Բայց նա այդ բանը չի անի։ Որովհետեւ վատ «կռուտիտ» անողին խանգարում է դատարանը, դատարանը «կռուտիտի» տեղ չէ։ Արե՞լ ես՝ պիտի նստես։