18.09.2019 14:52

Վրաստանի նախագահը սառեցրել է դատապարտյալներին ներում շնորհելու գործընթացը

Վրաստանի նախագահը սառեցրել է դատապարտյալներին ներում շնորհելու գործընթացը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դատապարտյալներին ներում շնորհելու գործընթացի մորատորիում է հայտարարել, քանի դեռ խորհրդարանը չի մշակել օրենսդրական փոփոխությունները:

Իր որոշման մասին վրաց պետության ղեկավարը հայտարարել է չորեքշաբթի կայացած արտակարգ ճեպազրույցում:

«Ես ներման կանոնները վերանայելու և խորհրդարանում նոր կանոններ մշակելու նախաձեռնությամբ եմ հանդես եկել: Մենք դեռ հունվարից նոր կանոններ ենք պատրաստում: Մեր տարբերակը կփոխանցվի խորհրդարանի ղեկավարին, և հավանաբար հաջորդ շաբաթից աշխատանքային խումբ կստեղծվի, որում կընդգրկվեն բոլոր կուսակցությունները, և հստակ կձևակերպեն այն կանոնները, որոնք հասարակության շրջանում այլևս իրարանցում չեն առաջացնի: Քանի դեռ այդ կանոնները մշակված չեն, ես՝ որպես նախագահ, ելնելով ստեղծված իրավիճակից, ներման մորատորիում եմ հայտարարում»,- հայտարարել է Զուրաբիշվիլին:

Վրաստանի նախագահն ընդգծել է, որ ներման շնորհումը մարդասիրական ակտ է, այն չի կարող համարվել արդարացնող դատավճիռ կամ դատարանի որոշումը վերանայելու փորձ:

Փոխանցում է tass.ru-ն: