ԱՄՆ-ը և Բելառուսը 11 տարուց ի վեր առաջին անգամ դեսպաններ են փոխանակում

Մինսկը և Վաշինգտոնը ավելի քան 11 տարի «սառեցված» հարաբերություններից հետո որոշել են դեսպանների մակարդակով վերականգնել միջպետական կապերը:
Մոսկվայում և Մինսկում վերլուծաբանները պնդում են, որ Թրամփի վարչակազմը Արևելյան Եվրոպայում հակառուսաստանյան սահման է կառուցում:
Վաշինգտոնում որոշել են Բելառուսում դեսպանների մակարդակով վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Դևիդ Հեյլը:
Պաշտոնական Մինսկը մի քանի ամիս առաջ հայտարարել էր, որ պատրաստ է դրական լուծում տալ դիվանագիտական ներկայացուցչության կարգավիճակի հարցին, սակայն Վաշինգտոնն այն ժամանակ պատասխանել էր, որ դրա համար ժամանակ է անհրաժեշտ: Դևիդ Հեյլը, որ սեպտեմբերի 17-ին ժամանել է Մինսկ, հայտարարել է, որ այդ ժամանակը եկել է:
Ամերիկյան դեսպանի՝ Մինսկ ժամանելու ստույգ ամսաթիվը դեռ հայտնի չէ: Այդ պաշտոնի հավակնորդի թեկնածությունը պետք է հաստատի ամերիկյան Սենատը:
Փոխանցում է BBC-ն: