18.09.2019 17:16

«Վտարանդի» գեներալը «կոչ» է անում

«Վտարանդի» գեներալը «կոչ» է անում

Հետախուզման մեջ գտնվող ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանն իր գրասենյակի անունից հայտարարություն է տարածել: Հայտարարությունը, իհարկե, կարելի էր չարժանացնել ուշադրության, եթե այդ հայտարարության տեքստում մի քանի «ուշագրավ պնդումներ» չլինեին:

Մեղադրյալ Պողոսյանը, որ ճիշտ պահին բարեհաջող ճողոպրել է Ռուսաստան եւ այլեւս չի վերադարձել, դեռ մի բան էլ ավելի՝ այնտեղ քաղաքական ապաստան է հայցել, կոչ է անում Հայաստանի իշխանություններին՝ «վե՛ր կանգնել անձնական քինախնդրությունից»:

Պողոսյանը հայտարարում է, թե Հայաստանում «պետական մտածելակերպին փոխարինելու է եկել փակուղի տանող վենդետան»:  

Սա ասում է մի մարդ, որն իր անվան հետ կապված օֆշորային սկանդալից հետո հրաժարական էր տվել ԴԱՀԿ պետի պաշտոնից եւ այն ժամանակ մեղադրյալի աթոռին չէր հայտնվել միայն այն պատճառով, որ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք իրավապահները, քննության առարկա դարձնելով օֆշորի գործը, այն ժամանակ «եզրահանգել» էին, թե գործը պետք է կարճել, քանի որ Պողոսյանի արարքում հանցակազմ չկար (իբր)2: Թե ինչու այդ ժամանակ այդպես եղավ, եւ թե ինչպես դրանից հետո Պողոսյանը բարեհաջող կերպով դարձավ ՀՀԿ-ական պատգամավոր, ինքը կիմանա:

Բայց Պողոսյանն ավելի հեռու է գնում՝ հայտարարելով, թե «շոուների հաղթարշավը հասել է բանակ», եւ հավելում է, թե «բախտի քմահաճույքով «գեներալ» դարձած զինվորականներից ոմանք, իրենց վստահված ծանր խաչը տանելու, «ուսադիրի պատիվը» բարձր պահելու փոխարեն, դարձել են տարաբնույթ շոուների մասնակիցներ ու «սելֆիի» երկրպագուներ»։

Բացառապես Սերժ Սարգսյանի քմահաճույքով 2012 թվականին «գեներալ դարձած» Պողոսյանն է փաստորեն խոսում շոուներից: Այն Պողոսյանը, որը որոշել էր, թե իրեն թույլատրելի է պղծել Ցեղասպանության զոհերի հիշատակը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում շոու անելով ու «մկրտելով» ԴԱՀԿ նոր աշխատողներին, այնտեղ կազմակերպելով վերջիններիս երդման արարողությունը:

Ուսադիրների պատվից խոսում է նա, ով քրեական հետապնդման հոտն առնելով՝ «պատահաբար հայտնվել էր» այլ երկրի տարածքում եւ այնտեղ քաղաքական ապաստան է հայցում:

Նա, ով ԱԺ քարոզարշավի շրջանակներում կազմակերպված իր նախընտրական հանդիպման ժամանակ 2017 թվականին բեմահարթակ էր կանչել Ապրիլյանի ժամանակ զոհված զինվորի մորը, որպեսզի վերջինս ի տես բոլորի շնորհակալություն հայտնի օֆշորային գեներալին՝ իրենց ընտանիքին աջակցելու համար:

Ինչի կապակցությամբ անգամ հանրապետական Շարմազանովն էր հայտարարել. «Ունեմ իմ հստակ կարծիքը. ոչ միայն նախընտրական փուլում, այլեւ ընդհանրապես բարեգործությունների հետ կապված, բայց թույլ տվեք լռությամբ պատասխանել այս պահին»:

Այնպես որ, ինչպես ասում են՝ ով-ով, բայց Սարգսյանի ցանկությամբ գեներալ դարձած Պողոսյանը չէ, որ պետք է բողոքի:

Կամ այլ կերպ ասած՝ чья бы корова мычала, а твоя бы молчала:

Քրիստինե Խանումյան