19.09.2019 09:39

Աշոտ Սարգսյան. Բաբկեն Արարքցյանի ծննդյան 75-ամյակի առիթով

Աշոտ Սարգսյան. Բաբկեն Արարքցյանի ծննդյան 75-ամյակի առիթով

Լրացավ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, 1990 թվականից Հայաստանի Հանրապետության գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալ, 1991-95թթ. Գերագույն խորհրդի նախագահ, 1995-1998թթ. ՀՀ ազգային ժողովի առաջին նախագահ, քաղաքական եւ պետական գործիչ, Հայաստանի պետականության ձեռքբերման եւ կայացման երախտավոր Բաբկեն Արարքցյանի 75-ամյակը։

Մաթեմատիկական գիտությունների թեկնածու, գիտական աշխատությունների եւ դասագրքերի հեղինակ, դոցենտ, ամբիոնի վարիչ Բաբկեն Արարքցյանը զբաղված էր մասնագիտական աշխատանքով ԵՊՀ-ում, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը։ Առաջին օրերից նա իրադարձությունների կազմակերպական գործողությունների կենտրոնում էր, իսկ 1988թ. մայիսից Շարժման ղեկավար մարմնի՝ «Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի» («Ղարաբաղ» կոմիտեի) անդամ։ 1988թ. դեկտեմբերի 10-ին Կոմիտեի մյուս անդամների հետ ձերբակալվել եւ վեց ամիս պահվել է Մոսկվայի ամենախիստ ռեժիմային բանտերից մեկում։

Կոմիտեում յուրաքանչյուրն այս կամ այն հարցով զբաղվելու եւ որոշումներ կայացնելու ազատություն ուներ, ու ամեն մեկն ստանձնում էր հենց այն հարցերը, որտեղ իրեն առավել ունակ ու կարող էր զգում։ Որեւէ խնդիր իր անդամներից յուրաքանչյուրին կարող էր հանձնարարել նաեւ Կոմիտեն՝ դարձյալ նկատի ունենալով յուրաքանչյուրի ունակություններն ու կարողությունները։ Բաբկեն Արարքցյանն ավելի հաճախ այնտեղ էր, որտեղ պետք էր հարթել սուր իրավիճակները, դիմակայել վտանգավոր սադրանքներին, կանխել դրանց խորացումը, խույս տալ վտանգավոր ընթացքից։ 1988թ. հուլիսի 5-ին նա Կոմիտեի երեք այլ անդամների՝ Ռաֆայել Ղազարյանի, Սամվել Գեւորգյանի եւ Սամսոն Ղազարյանի հետ «Զվարթնոց» օդանավակայանում էր, որտեղ բազմահազար ցուցարարների եւ խորհրդային բանակի բախման ռեալ վտանգ էր առաջացել։ Հուլիսի 12-ին նա կարողանում է համոզել եւ ցրել հարյուրից ավելի մարդկանց, ովքեր սադրիչ մի լուրի հետեւանքով շրջապատել էին «Ղարաբաղ» կոմիտեի կենտրոնակայանը եւ զենք էին պահանջում Ստեփանակերտ գնալու համար։ 1989թ. սեպտեմբերին նրա ղեկավարությամբ 300 բեռնատարներից բաղկացած ավտոշարասյունը օգնություն տարավ Լեռնային Ղարաբաղ՝ ճանապարհին հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ ու արգելքներ։ 1990թ. հունվարի 18-ից, երբ Նախիջեւանից սկսվեցին Երասխավանի վրա հարձակումները, դրանց դիմակայող հայկական ջոկատների գործողությունները Կոմիտեի կողմից տեղում համակարգում էր Բաբկեն Արարքցյանը։ 1990թ. հուլիսի 20-ին, նորընտիր Գերագույն խորհրդի առաջին նիստի օրը, երբ վտանգավոր զինված սադրանք էր կազմակերպվել՝ վիժեցնելու համար խորհրդարանի աշխատանքների սկիզբը, ԳԽ որոշմամբ դեպքի վայր մեկնած պատգամավորական խումբը գլխավորում էր Բաբկեն Արարքցյանը։

Խորհրդային Միությունում ծագած առաջին համաժողովրդական շարժման համար ամենակարեւոր խնդիրներից մեկը տեղեկատվության տարածումն էր, հատկապես երկրի սահմաններից դուրս, միջազգային հնչեղություն եւ օժանդակություն ապահովելը։ Այդ իմաստով կարեւոր դեր էր խաղում Ֆրանսիայում հրապարակվող «Յառաջ» թերթը, որի հետ սերտորեն համագործակցում, ամենօրյա կապի մեջ էր Բաբկեն Արարքցյանը։

Դեռ Շարժման տարիներին մեկ անգամ չէ, որ դրսեւորվել են Բաբկեն Արարքցյանի դիվանագիտական կարողություններն ու բանակցելու, համզելու ունակությունները։ Երասխավանում 1990թ. հունվարին տեղի ունեցած զինված բախումներից հետո նա խորհրդային բանակի եւ ՀԿԿ ԿԿ-ի ներկայացուցչի հետ հայկական պաշտոնական պատվիրակության կազմում մասնակցում էր նախիջեւանյան կողմի հետ հանդիպմանը՝ նպատակ ունենալով հետագայում կանխել նմանօրինակ միջադեպերը։ Նույն թվականի փետրվարին նա հայաստանյան մեկ այլ պաշտոնական պատվիրակության կազմում Լեռնային Ղարաբաղում էր՝ պարզելու Գետաշենի ենթաշրջանի Ազատ եւ Կամո գյուղերում Ադրբեջանի ժողճակատի եւ խորհրդային զինվորականության՝ այս գյուղերը դատարկելու ապօրինի գործողությունները։

1991թ. օգոստոսին, Մոսկվայում կատարված պետական հեղաշրջման օրերին (ԳԿՉՊ), չափազանց վտանգավոր վիճակ էր Լեռնային Ղարաբաղում։ Հաթերք գյուղում գյուղացիները դեռ օգոստոսի 13-ին զինաթափել եւ պատանդ էին վերցրել մի քանի տասնյակ խորհրդային զինվոր եւ սպա՝ հայ պատանդների հետ փոխանակելու նպատակով: Միջադեպը կարգավորելու համար այստեղ էին եկել ԽՍՀՄ ԳԽ-ի պատգամավորներ, Հայաստանի ԳԽ-ի պատգամավորներ Վազգեն Սարգսյանը եւ Սերժիկ Սարգսյանը, սակայն որեւէ հաջողության չէին հասել: Այժմ դա կարող էր լավագույն առիթ հանդիսանալ իշխանությունը բռնազավթած խունտայի համար՝ ցուցադրելու համար իր ուժն ու վճռականությունը։ Օգոստոսի 19-ին այստեղ ժամանած Բաբկեն Արարքցյանի ջանքերով միայն հնարավոր եղավ հարթել միջադեպը եւ զերծ մնալ վտանգավոր զարգացումներից:

1991թ. ապրիլից Մոսկվայի եւ Ադրբեջանի սկսած համատեղ «Կոլցո» ռազմական գործողությունը նպատակ ուներ բռնագաղթի ենթարկել Լեռնային Ղարաբաղի հարակից հայկական գյուղերի եւ բուն Ղարաբաղի հայ բնակչությանը։ Չհայտարարված, բայց փաստացի այդ պատերազմում, բնականաբար, անհավասար էին զինական ուժերը, եւ ինքնապաշտպանական ջոկատներով դիմակայելու հետ միասին՝ որպես հիմնական միջոց պետք է ծառայեր դիվանագիտական եւ քաղաքական լուրջ աշխատանքը՝ ստանալու համար միջազգային հանրության, աշխարհի խոշոր երկրների գործուն աջակցությունը: Այս իմաստով կարեւոր ներդրումներից մեկը Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալ Բաբկեն Արարքցյանի այցն էր Ֆրանսիա մայիսի 7-ին, նրա հանդիպումները քաղաքական ուժերի ղեկավարների եւ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Մինչ այդ՝ մայիսի 6-ին, Ֆրանսիայի նախագահ Ֆ. Միտերանը Մոսկվայում անսահման աջակցություն էր հայտնել Գորբաչովին եւ նրա վարած քաղաքականությանը: Շուտով Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը հանդես եկավ հայտարարությամբ, որում արձանագրվում էր, որ Հայաստանի նկատմամբ կիրառվող ճնշամիջոցներն իրականում ուղղված են Հայաստանի անկախության օրինական գործընթացի դեմ: Քիչ անց, Փարիզում զանգվածային ցույցերից հետո, արտաքին գործերի նախարար Ռ. Դյուման Հայաստանի իրադրությունը գնահատեց որպես «ծայրահեղ վտանգավոր» եւ հայտարարեց, որ Ֆրանսիան մտադիր է բացատրություն պահանջել ԽՍՀՄ իշխանություններից, իսկ մայիսի 15-ին Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանը դիվանագիտական դեմարշ կատարեց ԽՍՀՄ ԱԳՆ-ում: Ֆրանսահայ մամուլն արձանագրեց այցի արդյունքները. «Մայիսի սկզբի օրերուն հոս կգտնվեր Գերագույն խորհրդի փոխնախագահը՝ Բաբկեն Արարքցյան.... ան իր տեղեկատվությամբ, լուսաբանություններով որոշապես օժանդակեց ֆրանսիական հանրային կարծիքին մոտ հարցին մասին ճիշտ ընկալում ստեղծելուն ու հետաքրքրության» («Յառաջ» 12.06.1991)։

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման՝ Ժելեզնովոդսկում ստորագրված հայտարարագրով նախատեսված՝ ռուսաստանյան եւ ղազախստանյան պատվիրակությունների մասնակցությամբ հոկտեմբերի 25-ին Իջեւանում, իսկ նոյեմբերի 17-ին՝ ադրբեջանական Ղազախ քաղաքում տեղի ունեցան հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների բանակցությունները: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԳԽ նախագահի առաջին տեղակալ Բաբկեն Արարքցյանը: Վերջին հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց նոյեմբերի 19-ին բացել Հայաստան մտնող գազամուղը:

1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի հռչակած անկախության գործընթացի վճռական քայլի՝ անկախության հանրաքվեի կազմակերպման մեկնարկը տրվեց Գերագույն խորհրդի՝ 1991-ի մարտի 1-ին ընդունած որոշմամբ։ Ապրիլի 12-ին կազմավորվեց Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը, եւ հանձնաժողովի նախագահ ընտրվեց Բաբկեն Արարքցյանը: Անկախության հանրաքեն ժողովրդավարական նոր իշխանության առաջին նմանօրինակ զանգվածային ընտրական միջոցառումն էր: Կազմակերպական եւ նախապատրաստական ամբողջ աշխատանքը ղեկավարել է Հանրաքվեի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Անկախության հանրաքվեն անցավ բացառիկ կազմակերպված, անբասիր եւ համաժողովրդական մեծագույն ոգեւորության պայմաններում: Մասնակիցների եւ առաջադրված հարցին դրական պատասխանողների թիվը գերազանցեց բոլոր սպասելիքները:

Բաբկեն Արարքցյանի անվան հետ է կապված Հայաստանի արտաքին քաղաքական ամենանշանակալից նվաճումներից մեկը՝ Ղարաբաղյան պատերազմում հաստատված զինադադարը՝ հայկական կողմի համար ամենաշահեկան իրավիճակում։ 1994թ. մայիսին նա էր ղեկավարում հայաստանյան պատվիրակությունը Բիշքեկում, որտեղ Ռուսաստանի, Ղրղզստանի եւ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջնորդությամբ պետք է լուծվեր Ղարաբաղյան պատերազմում կրակի դադարեցման, զինադադարի հաստատման հարցը։ Այնպես չէ, որ համաձայնությունները կայացված էին, փաստաթղթերը նախապես պատրաստ էին, եւ պետք էր միայն պաշտոնական վավերացում ստորագրություններով։ Կարելի է ասել, որ ամբողջ աշխատանքը կատարվեց տեղում, եւ մայիսի 5-ին խորհրդարանների ղեկավարների մակարդակով ստորագրվեց կրակի դադարեցման արձանագրությունը (այս հիմքի վրա համապատասխան կողմերի պաշտպանության գերատեսչությունները ստորագրեցին մայիսի 12-ից զինադադար հաստատելու փաստաթուղթը)։ Այս պայմանագիրն է գործում առ այսօր, շուրջ 25 տարի ՝ որպես հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ամենակարեւոր ձեռքբերում՝ մեկ անգամ  միայն ունենալով մասշտաբային խախտում՝ ի դեմս 2016 թվականի քառօրյա պատերազմի։

Հետխորհրդային նորանկախ հանրապետություններից յուրաքանչյուրի համար ամենամեծ վտանգը քաոսն էր եւ անկառավարելիությունը, ոչ բոլորը կարողացան խուսափել դրանից։ Ղարաբաղյան հակամարտության, խուլ շրջափակման, հարյուր հազարավոր փախստականների, ավերված աղետի գոտու կես միլիոն անօթեւանների  եւ այլ պատճառներով՝ նման քաոսի եւ անկառավարելիության համար ամենաշատ նախադրյալներ ուներ Հայաստանը։ Մինչդեռ հետխորհրդային տարածքում քաոսի այդ վտանգից ամենահաջողը կարողացավ խույս տալ եւ երկրի անհրաժեշտ կառավարելիությունն ապահովել հենց Հայաստանը։ Ավելի ուշ (1997թ.)Հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը գնահատում է այդ հաջողության առանցքային դերակատարներին. «Մենք այդ ամենածանր ժամանակներում հասկացանք, որ ամենավտանգավորը քաոսն է։ Երկրի կառավարելիությունը մեզ համար դարձավ համար առաջին խնդիրը։ Եւ մենք արեցինք գլխավորը՝ ստեղծեցինք պետական կառույցներ։ Այն, ինչ արեցին Վանո Սիրադեղյանը՝ ՆԳՆ‑ում, Վազգեն Սարգսյանը՝ բանակում, Հրանտ Բագրատյանը՝ կառավարությունում եւ Բաբկեն Արարքցյանը՝ պառլամենտում, փրկեց մեզ։ Պետությունը դարձավ կառավարելի...»։ Հայաստանի օրենսդիր մարմինը, կառավարությունը, պաշտպանությունը եւ ներքին գործերը դարձան այն հիմնասյուները, որոնց վրա հենվեց եւ կառուցվեց Հայաստանի պետությունը։

Առաջին Գերագույն խորհուրդը շեշտված յուրահատկություններ ուներ։ Յուրահատկություններից մեկը պարզապես երբեւէ իրական օրենսդիր մարմնի նախադեպը չունենալն էր, օրենսդրական աշխատանքի ավանդույթի իսպառ բացակայությունը։ Կոմունիստական շրջանի նույնանուն մարմինն իր ե՛ւ կազմով (մասամբ՝ կուսակցական նոմենկլատուրա, մասամբ՝ կթվորներ, հովիվներ, բանվորներ), ե՛ւ աշխատանքի մեթոդներով (միաձայն դակում էր կուսակցական մարմիններում գրված օրենքները եւ որոշումները) շատ հեռու էր իրական օրենսդիր մարմին լինելուց եւ չէր կարող օրինաստեղծ աշխատանքի դրական որեւէ ավանդույթ փոխանցել։ Գեթ սկզբնական շրջանում պատգամավորների մեծագույն մասը հեռու էր ոչ միայն օրենսդրական աշխատանքը պատկերացնելուց, այլեւ իրենց իրավունքներն ու պարտականությունները ճանաչելուց։ Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանից տիտանական համբերությունից սկսած մինչեւ մանկավարժական հմտություններ ու նրբանկատություն էր պահանջվում այս, ըստ էության՝ ամենադժվարին օղակը ղեկավարելու, այն իր գործառույթին բերելու, բնական, նաեւ արհեստածին հակասություններն ու հակամարտությունները հարթելու, իշխանության թեւերի միջեւ լիազորությունների համար վտանգավոր պայքարը կանխելու, անհրաժեշտ եւ որակյալ օրենսդրական արտադրանքն ապահովելու համար։ Եւ տարածված այն արձանագրումը, թե ՀՀ խորհրդարանների մեջ լավագույնները եղել են ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհուրդը եւ առաջին Ազգային ժողովը, լիովին համապատասխանում է իրականությանը, եւ դա՝ առաջին հերթին Հայաստանի օրենսդիր մարմնի այդ տարիների ղեկավար Բաբկեն Արարքցյանի շնորհիվ։

1998 թվականին, երբ կատարված պետական հեղաշրջման հետեւանքով հրաժարական ներկայացրեց հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, անմիջապես իր հրաժարականը ներկայացրեց նաեւ Բաբկեն Արարքցյանը։ «Հայտնի ուժերի» խնդրանքին՝ շարունակել պաշտոնավարել, նա պատասխանել էր՝ «Ես վարձու աշխատող չեմ»։

1999 թվականից Բաբկեն Արարքցյանի ղեկավարությամբ ստեղծվեց «Արմատ» ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն հասարակական կազմակերպությունը։ Չնայած իր համեստ թվակազմին՝ այս կազմակերպությունը ամենօրյա աշխատանքով կարեւոր դեր խաղաց հաստատվող ավազակապետական համակարգի դեմ պայքարում։ 2003թ. հենց նրա ջանքերով հնարավոր եղավ ձախողել քոչարյանական սահմանադրական փոփոխությունների առաջին փորձը։ Հասարակական այս կազմակերպության շուրջ ձեւավորված «Իմպիչմենտ» դաշինքը 2007թ. գարնանը խորհրդարանական ընտրություններում ամենալուրջ «գլխացավանքն» էր իշխանության համար։

--------------------------

Հ. Գ. 90-ական թվականների իշխանությունը շատ հեռու էր ինքնագովազդից, ինքնագնահատումից, առավել եւս՝ ինքնապարգեւատրումից։ Դա պետք է անեին հաջորդները։ Հաջորդ երկու տասնամյակում արվել է ճիշտ հակառաը՝ իշխանական հրահանգով եղծվել ու կեղծվել է պետականաստեղծման այդ տարիների, նաեւ Ղարաբաղյան շարժման պատմությունը, ուրացվել առանցքային գործիչների ահռելի վաստակը։ Չասենք՝ կգա ժամանակը, երբ... Այդ ժամանակը վաղուց եկել է... Չի եկել այն իշխանությունը, որը...