Թրյուդոն ներողություն է խնդրել Ալադինի կերպարով լուսանկարի համար

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ներողություն է խնդրել 18-ամյա վաղեմության լուսանկարի համար, որտեղ նա պատկերված է 2001 թ. մասնավոր դպրոցի երեկույթում, սպիտակ չալմայով և շագանակագույն դիմահարդարանքով: Լուսանկարը հրապարակել է Time ամսագիրը:
Լուսանկարի հրապարակումից հետո Թրյուդոն հանդես է եկել լրագրողների առջև և պարզաբանել է, որ լուսանկարում ինքը նման հարդարանք է կրում «Արաբական գիշերներ» երեկույթի ժամանակ: Նա խոստովանել է, որ լուսանկարը ռասիստական է, և ասել է որ «խորապես զղջում է» դրա համար:
Կանադական մուսուլմանների ազգային խորհուրդը վրդովմունք է արտահայտել լուսանկարի կապակցությամբ: Խորհրդի գործադիր տնօրեն Մուստաֆա Ֆարուքն ասել է. «Վարչապետին այդ դիմահարդարանքով տեսնելը չափազանց տխուր է: Սև և շագանակագույն գրիմը մեզ վերադարձնում է ռասիզմի պատմության ժամանակները»:
Ընդդիմադիր պահպանողականների առաջնորդ Էնդրյու Շիրը նշել է, որ այդ լուսանկարը ռասիստական էր 2001 թվականին և այդպիսին է այսօր: «Այսօր երեկոյան կանադացիների առջև հառնեց մի մարդ, որը բացարձակապես ունակ չէ հավասարակշռված որոշումներ կայացնելու: Մի մարդ, որը չպետք է ղեկավարի այս երկիրը»:
Լուսանկարը հրապարակվել է հոկտեմբերի 21-ին կայանալիք ընտրությունների նախաշեմին: Ջասթին Թրյուդոն՝ նախկին հանգուցյալ վարչապետ Պիեռ Թրյուդոյի որդին, պայքարում է երկրորդ ժամկետի համար:
Փոխանցում է BBC-ն: