19.09.2019 15:44

Աննախադեպ կամպանիա՝ ի պաշտպանություն Պավել Ուստինովի

Աննախադեպ կամպանիա՝ ի պաշտպանություն Պավել Ուստինովի

Ի պաշտպանություն դերասան Պավել Ուստինովի, որը երեքուկես տարվա ազատազրկման է դատապարտվել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար, հանրային կամպանիա է ծավալվել, որին միացել են նաև ռուսաստանյան իշխանությունների և եկեղեցու ներկայացուցիչներ:

«Միացյալ Ռուսաստանի» գլխավոր խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրկաչը Ուստինովի հետ կատարվածն անվանել է «աղաղակող անարդարություն»:

Հայտնի փաստաբան Անատոլի Կուչերենան պատրաստակամություն է հայտնել պաշտպանելու դերասանին և արդեն բողոքարկել է նրա դատավճիռը:

Փորձագետների կարծիքով՝ Ուստինովի գործն ավելի շուտ բացառություն է, և ընդհանուր առմամբ՝ չարժե ավելի մեղմ վերաբերմունք ակնկալել «մոսկովյան գործով» անցնող մյուս ցուցարարների նկատմամբ:

Միևնույն ժամանակ՝ ի պաշտպանություն «մոսկովյան գործով» անցնող դատապարտյալների հանդես են եկել 52 հոգևորականներ, այդ թվում՝ մի քանի խոշոր եկեղեցիների վանահայրեր:

Սեպտեմբերի 16-ին դերասան Պավել Ուստինովի նկատմամբ արձակված դատավճիռը նրա գործընկերների շրջանում զայրույթի ալիք է բարձրացրել: Հաջորդ օրն իսկ մի քանի տասնյակ դերասաններ, երգիչներ և հայտնի մարդիկ հանդես են եկել դերասանին ազատ արձակելու պահանջով, իսկ չորեքշաբթի օրը հարյուրավոր մարդիկ հերթ են կանգնել, որպեսզի նախագահի նստավայրի մոտ մասնակցեն միայնակ պիկետին:

Փոխանցում է BBC-ն: