19.09.2019 16:24

Լիզա Ճաղարյան. «Հեղափոխությունը որ չլիներ, բա ես կդառնայի՞ լեյտենանտ Շմիդտի զավակը»

Լիզա Ճաղարյան. «Հեղափոխությունը որ չլիներ, բա ես կդառնայի՞ լեյտենանտ Շմիդտի զավակը»

Արդեն բոլորս գիտենք, որ հեղափոխությունից հետո «վենդետայի» բոլոր «զոհերը» առողջական լրջագույն խնդիրներ ունեն։ Գիտենք նաեւ, որ այս «զոհերի» հիվանդությունները նույն առանձնահատկությունն ունեն։ Դրանցից ոչ մեկը Հայաստանում հնարավոր չէ բուժել, եւ փրկության միակ հույսը Հայաստանի սահմաններից անդին է։ Այս ընթացքում նաեւ պարզվեց, որ արտերկրում փրկություն փնտրող «զոհերի» հիվանդություններն անբուժելի են, որովհետեւ սրանցից ոչ մեկը չի վերադառնում։ Մեր «զոհերի» հիվանդությունների բուժման հարցում անզոր են ամենուրեք։ Միայն բուժման մի ճանապարհ կա՝ քաղաքական ապաստան մուրալն արտերկրներում։

Մինչ այս համաճարակի բացահայտումը Հայաստանի քաղաքացիները մի բան էլ գիտեին։ Գիտեին ու յուրաքանչյուր լուսապայծառ առավոտի բացվելուն ու փակվելուն համընթաց իրենց գերզգայնացած մաշկի վրա զգում էին, որ թալանվում են անգթաբար, ու թալանողներն էլ իշխանություններն են։ Դե, որովհետեւ պարզից պարզ բան է՝ եթե իշխանությունները՝ ամենավերեւից սկսած, թալանչի չլինեին, մեկ օր անգամ չէին հանդուրժի էդ անաստված ալան-թալանը։ Էլ չասեմ՝ անթաքույց չէին հովանավորի թալանչիներին։

Սա էլ պարզեցինք։

Հիմա արդեն մի իշխանություն ունենք, որը չի թալանում ու, բնականաբար, «խաղաղության աղավնի»՝ ոչ անհայտ Միշիկի «քրիստոնեական» կոչերին առանձնակի դաժանությամբ անհաղորդ մնալով՝ պահանջում է,  որ նախկինները պատասխան տան քսան տարի շարունակ Հայաստանի քաղաքացիներին կեղեքելու, այդ նույն քաղաքացիների չքավորության կամ մի կերպ գոյություն պահպանելու ֆոնին՝ փադիշահի պես կյանքը վայելելու համար։

Ու մեկ էլ ի՜նչ ենք տեսնում։

Այստեղ խոր շունչ քաշենք, հետո նոր առաջ գնանք՝ ճանապարհին լիքը «ոտներն ամպոտ հրեշտակներ» կան աջուձախ «վենդետահարված», մեկ էլ հանկարծ չտրորենք էդ անմեղսուն... անմեղներին։

Եվ այսպես, մեկը մյուսի հետեւից բացահայտվում են, թե նախկիններից ով ինչքան է կողոպտել մեր պետությունը (ցանկալի արագությամբ չեն բացահայտվում, նաեւ բացահայտվում են մասնակիորեն, բայց պետք չէ մոռանալ, որ բացահայտողներից շատերը կա՛մ մասնակցել են թալանին, կա՛մ լիուլի օգտվել են թալանչիների «բարիքներից»), բացահայտումներին զուգընթաց դատապարտվողներն ու սրանց գրչակներն աղաղակում են՝ վենդետա յա՜, ու... «անձնվիրաբար» պետական բյուջե վերադարձնում քրեական գործերում մատնանշված գումարը։

Միլիոններ են մուծում, Հայաստանի սիրելի քաղաքացիներ։

Մի պահ կանգ առնենք ու ստուգենք մեր գրպանները։ Ինչքա՞ն փող գտաք։ Երկու հազա՞ր, հինգ հազա՞ր, երկու հարյուր հազա՞ր... Լավ, թող լինի կե՛ս միլիոն, մեկ միլիոն։ Ինչքան որ գտաք, բարի վայելում, ձեր արդար քրտինքով եք վաստակել։

Սակայն, եթե վաղը ձեր դուռը բախեն «վենդետայի» մոլուցքով վարակված նոր իշխանություններն ու ասեն՝ դուք պետությունից գողացել եք 20 միլիոն, 50 միլիոն, 200 միլիոն դրամ, եւ դուք էլ «անմեղ» նախկինների պես ուզենաք պետական բյուջեն ավելացնել «հայրենանվեր մեծահոգությամբ», որտեղի՞ց եք հայթայթելու այդ միլիոնները։

...Դուք պատասխանը չգիտեք։ Ես էլ չգիտեմ։

Գուցե ազգովի խնդրենք, որ այդ «անմեղ դատապարտվողնե՞րը» հուշեն մեզ, թե իրենց ինչպես եւ որտեղից է հաջողվում հայթայթել այդ հսկայական գումարները (գրեցի «հսկայական» ու մտածեցի, որ եթե խոշոր ձուկ-թալանչիները կարդան, մտքներում մի կուշտ կծիծաղեն միամիտներիս վրա, որ մի քանի միլիոնը հսկայական գումար ենք համարում)։

Իմանանք, էլի՛։

Ո՞վ կարող է երաշխավորել, որ էդ դժնատեսիլ «վենդետան» մի օր էլ մեր շեմին չի կանգնի գերանդին ուսին։

Եթե նույնիսկ «վենդետան» չբախի, հիվանդությունն էլ հո միայն թալանչիների համա՞ր չէ. սովորական մահկանացուներս էլ ենք համարձակվում հիվանդանալ։ Բա չիմանա՞նք, թե որտեղից հայթայթենք բուժման ծախսերը։ Թեկուզ Հայաստանում։ Միայն Հայաստանից դուրս բուժվող «առանձնահատուկ» հիվանդությունները, դե՛, հասարակ մահկանացուներիս համար չէ. սա արդեն հասկացել ենք վաղուց։

Հը՛, ի՞նչ կասեք, պարոնայք եւ տիկնայք «ոտներն ամպոտ» թալանչիներ։