20.09.2019 13:00

Ներկայացվել է Պեկին-2022-ի թալիսմանը

Ներկայացվել է Պեկին-2022-ի թալիսմանը

Ուրախ պանդան, որի անունը Բինգ Դվեն Դվեն է, ընտրվել է 2022թ. ձմեռային Օլիմպիական խաղերի թալիսման: «Բինգ» նշանակում է սառույց և խորհրդանշում է մաքրություն և ուժ, իսկ «Դվեն Դվեն» նշանակում է երեխաներ:

ՀԱՕԿ-ը գրում է, որ խորհրդանիշը մարմնավորում է մարզիկների ուժն ու կամային որակները: Բինգ Դվեն Դվենի մարմինը պատված է սառույցով, իսկ սիրտը նրա ձախ ձեռքի ափում խորհրդանշում է ընդունող երկրի հյուրասիրությունը:

Նորաստեղծ թալիսմանը նման է անսահման հնարավորություններով օժտված տիեզերագնացի:

«Ամենուրեք կարելի է զգալ Պեկին-2022 ձմեռային Օլիմպիական խաղերի նկատմամբ արդեն իսկ եղած ոգևորությունն ու սպասումը»,- ասել է ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը թալիսմանի ցուցադրման արարողությանը Պեկինում:

«Այս թալիսմանն էլ ավելի մեծ հետաքրքրություն կառաջացնի Խաղերի նկատմամբ, հատկապես՝ երիտասարդների մոտ: Թալիսմանը մարմնավորում է Չինաստանի և չիանցի ժողովրդի լավագույն տարրերն ու բնութագրերը»,- նշել է Թոմաս Բախը:

Լապտեր երեխայի տեսքով ներկայացվել է նաև Պարալիմպիկ խաղերի թալիսմանը, որը խորհրդանշում է ջերմություն, ընկերություն, քաջություն և համառություն: