20.09.2019 12:12

Արսեն Գրիգորյան. Քոչարյանը հանք է

Արսեն Գրիգորյան. Քոչարյանը հանք է

Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը, մեղադրանքը, կալանավորումը  եւ, ի վերջո՝ դատը, լճի մեջ պայթեցված դինամիտի էֆեկտ ունեցավ՝ բոլոր մեռելները դուրս եկան ջրի երես։ Խոսքը շրջանառությունից դուրս եկած քաղաքական գործիչների, իրավապաշտպանների ու քաղաքագետների մասին է։ Նրանցից յուրաքանչյուրին կարելի էր վերցնել չակերտների մեջ, բայց նրանք սուր հոտառություն ունեն։ Դա հաճախորդի հոտառությունն է։ Այդ հաճախորդությունը նրանց թելադրեց Նիկոլ Փաշինյանը, որը ցույց տվեց, որ մեռելների կարիք չունի։

Բայց նրանք սովորական մեռելներ չէին, նրանք հոտառություն ունեին։ Նրանք հասկացան, որ նույնիսկ բանտարկված Քոչարյանից կարող են փող աշխատել, ի տարբերություն «նախագահ» Քոչարյանի, որն իշխանություն ունեցած ժամանակ նրանց կարիքը չի զգացել։ Այս մեռելները հասկացան, որ բարձրաձայն պետք է բղավեն Քոչարյանի «արդար» դատը, որպեսզի փողը հոսի։ Բայց դրա համար պետք է, որ նա մնա նստած։ Ազատության մեջ գտնվող Քոչարյանից «քյար» չկա։ Թող երկրորդ «նախագահին» չթվա, թե նրանք դատ ունեն պաշտպանելու։ Նրանք էլ, բոլորի նման, գիտեն, թե ինչու է պատասխան տալիս այդ մարդը։ Նրանց դեպքում ճշմարտությունը «փող» չէ, որովհետեւ երբ Քոչարյանը ուզուրպացնում էր ու սպանում, նրանք արդար դատ չեն ունեցել, նրանք չեն ասել՝ էս ի՞նչ ես անում, այ մարդ։ Նրանք երբեք զրկանքների պատրաստ չեն եղել (թերեւս՝ Զարուհի Փոստանջյանից բացի), ու հեղափոխությունը նրանց համար «տեղավորվելու» նույնքան հարմար առիթ էր։ Բայց հեղափոխությունը նրանց կարիքը չզգաց։ Հեղափոխությունը «հաճախորդների»՝ ավելի «հաճախորդ» լինելու համար չէր։ Ուստի նրանք նույնիսկ մոտ չեկան հեղափոխությանը։

Հիմա նրանց ձեռ է տալիս, որ Ռոբերտ Քոչարյանը ընդմիշտ մնա նստած։ Որպեսզի բղավեն «հալածյալի», «գործչի» մասին։ Քոչարյանն իրականում նրանց հետաքրքիր չէ։ Նրանց հետաքրքիր են Քոչարյանի փողերը։ Այդ մարդը հանք է, նրանց «Ամուլսարը»։ Եթե ինչ-որ մղձավանջային հրաշքով Ռոբերտ Քոչարյանը կրկին վերադառնա իշխանության, նա հաստատ այս «իրավապաշտպանների» կարիքը չի զգա, այսինքն՝ այս մարդիկ կրկին ոչ մի բանի պետք չեն գա, ու նրանք դա գիտեն։ Ուստի Քոչարյանը պիտի մնա նստած, նրանք էլ «արդար դատի» անվան տակ պիտի կթեն նրան։ Հիմարություն է, երբ ասում են, թե Նիկոլ Փաշինյանին ձեռ է տալիս, որ Քոչարյանը լինի բանտում։ Այստեղ ձեռք տալու խնդիր չկա, այս մարդու իշխանության օրոք մարդիկ են սպանվել, կան կասկածներ, որ այս մարդն ինքն է ղեկավարել այդ սպանությունները, այնպես որ ձեռք տալու խնդիր չէ։ Քոչարյանի նստելը ձեռք է տալիս միայն նրանց, ովքեր կորցրել են փող աշխատելու բոլոր մնացած ճանապարհները։ Նրանք առաջինն են, որ երազում են հավերժական դատի մասին, որովհետեւ այդ դեպքում փողի հոսքը չի կանգնելու, նրանք բղավելու են ու վարձատրվեն դրա համար։  Այնպես որ՝ պետություն թալանած Ռոբերտ Քոչարյանը, որը գրավի համար գումար «չունի», մտածելու բան ունի։ Նախ՝ այն իմաստով, թե ու՞մ է հետաքրքիր այս մարդկանց բղավոցը։ Եվ հետո՝ ու՞մ համար։