20.09.2019 17:40

Քոչարյանի պաշտպանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին

Քոչարյանի պաշտպանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր շարունակվել է սահմանադրական կարգը տապալվելու մեջ մեղադրվող հնգյակի գործը:

Նիստում գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ալումյանը դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց:

Դատավորը հայտարարեց, որ հաջորդ դատական նիստը եւ միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 7-ին, ժամը 13-ին:

Սակայն հաջորդ դատական նիստի օրը հայտարարելուց հետո՝ մեկ այլ միջնորդություն  ներկայացրեցին մեղադրյալ Սեյրան Օհանյանի պաշտպանները՝ խնդրելով դատարանին թույլ տալ իրենց պաշտպանյալին երկու շաբաթով մեկնել Գերմանիա՝ բուժման նպատակով:

Դատարանը բավարարեց միջնորդությունը եւ թույլատրեց Օհանյանին հոկտեմբերի 18-ից մինչեւ նոյեմբերի 4-ը բացակայել Հայաստանի հանրապետությունից:

Հիշեցնենք, որ դատական նիստի մեկնարկին՝ վերադառնալով խորհրդակցական սենյակից, դատավոր Դանիբեկյանը մերժել էր Քոչարյանի փաստաբանների՝ իրենց պաշտպանյալի խափանման միջոցը գրավով փոխարինելու միջնորդությունը: