23.09.2019 13:00

Սաուդյան Արաբիան և Իրանը սպառնալիքներ են փոխանակում

Սաուդյան Արաբիան և Իրանը սպառնալիքներ են փոխանակում

Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են ձեռք առնել ցանկացած միջոցներ՝ ի պատասխան հարձակումների իրենց նավթային օբյեկտների վրա:

Էր-Ռիադը շարունակում է պնդել, որ կատարվածի համար պատասխանատվություն է կրում Իրանը: Թեհրանում այս մեղադրանքները անհիմն են համարում:

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ծանոթացել է  հարձակումից հետո նավթային օբյեկտներում անցկացված հետաքննության նախնական արդյունքներին, և արդեն հաջողվել է հաստատել, որ գրոհի ժամանակ օգտագործվել է իրանական արտադրության զենք:

Ուրբաթ օրը Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջուբեյրը լրագրողներին հայտնել է, որ երկրի իշխանություններն այժմ խորհրդակցություններ են անցկացնում իրենց դաշնակիցների հետ՝ քննարկելով հարձակմանը պատասխանելու տարբերակները:

Թեհրանը հերթական անգամ հայտարարել է, որ ինքն առնչություն չունի այդ հարձակմանը: Բացի այդ՝ երկրի զինված ուժերը սպառնացել են, որ Իրանը կոչնչացնի բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն հարձակվել իր վրա:

Փոխանցում է BBC-ն: