23.09.2019 18:47

Ինքնակոչ հրեշտակապետը Վատիկանից. Հպարտությունը մահացու մեղք է

Ինքնակոչ հրեշտակապետը Վատիկանից. Հպարտությունը մահացու մեղք է

Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կամաց-կամաց դուրս է գալիս ստվերից, որի քողի տակ էր թաքնվում մինչև վերջերս։:

Նախկինում իր իսկ քարոզչամեքենայի կողմից որպես «մոխրագույն կարդինալ» ներկայացվող անձը, որ գրեթե երբեք չէր խոսում, բայց շատ գործեր եւ իրադարձություններ վերագրվում էին նրա անտեսանելի ձեռքին, այսօր ֆեյսբուքյան բաց տիրույթում քաղաքականություն մտնելու ակնհայտ փորձեր է անում:

Շատերի պնդմամբ՝ Մինասյանի կերպարը նախկինում, երբ «առասպելական էր», շատ ավելի հետաքրքիր էր, քան հիմա, երբ նա հանրության առաջ հանդես է գալիս իր տեսքով ու խոսքով:

Բայց ինչեւէ: Դառնանք Մինասյանի՝ հատկապես վերջին օրերի ակտիվությանը:

Արդեն քանի անգամ Մինասյանը «անհայտ պացիենտին» ուղղված գրառումներ էր կատարում ֆեյսբուքում, իսկ այսօր էլ հանդես եկավ մի շեդեւրալ գրառմամբ, որտեղ արդեն բաց տեքստով ցույց տվեց, որ թիրախում Նիկոլ Փաշինյանն  է:

Երկար-բարակ գեղարվեստական զեղումներով տեքստում Մինասյանը Փաշինյանին «հռչակում է» «ատելության առաքյալ և ուռուցք» ու հայտարարում, թե «ուռուցքը պետք է հեռացվի»:

Բայց այս գրառման ամենաուշագրավ հատվածը բուն տեքստը չէ, այլ այն, թե ինչ նկարով է Մինասյանը համեմել ասելիքը:

Իսկ ասելիքը Մինասյանը համեմել է աշխարհահռչակ նկարիչ Ռաֆայել Սանտիի «Միքայել հրեշտակապետը սպանում է վիշապին/դեւին» նկարով:

Եթե ասելիքի հետ այլ նկար լիներ՝ դեռ ոչինչ, բայց այս նկարը, մեղմ ասած, ավելի քան խոսուն է եւ շատ բաներ է պատմում իրականում հենց իր՝ Մինասյանի հոգեվիճակի մասին:

Քարոզչական առումով փորձելով Փաշինյանի շուրջ ստեղծել տեղեկատվական շղարշը՝ «պացիենտ լինելու» մասին, Մինասյանը, ինքն էլ չհասկանալով թերեւս՝ իր շուրջ է ստեղծում այդ շղարշը: Եթե համեմատում ենք նկարն ու տեքստը, ապա ակնհայտորեն երեւում է, որ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, փաստորեն, իրեն նույնացնում է Միքայել հրեշտակապետի հետ։

Մինասյանի գիտակցությունը գուցեեւ ուժեղ է, բայց ենթագիտակցությունն  այս պարագայում ավելի ուժեղ է, նա, իրենից անկախ, հայտարարում է, թե իր կարծիքով՝ ինքը Միքայել հրեշտապաետն է, «Նա, ով նման է Աստծուն»:  

Մասնագետներն, իհարկե, ավելի լավ հոգեվերլուծություն կարող են անել պարոն Մինասյանի հոգեվիճակի մասին, մենք պարզապես հիշեցնենք, որ նրա արածը, այսինքն՝ սեփական անձը հրեշտակապետի հետ նույնականացնելը, հպարտության նշան է, իսկ հպարտությունն, ինչպես գիտենք, 7 մահացու մեղքերից առաջինն է:

Բացի այդ, աշխարհին այլ Միքայելներ էլ են հայտնի, եւ այնպես չստացվի, որ ցանկանաս լինել «հրեշտակապետ», բայց դառնաս Բուլգակովի հայտնի աթեիստ հերոսը՝ Միխայիլ Ալեքսանդրովիչ Բեռլիոզը՝ օրինակ:

Իսկ մեծ հաշվով, գեղարվեստական զեղումներով այս քարոզչական աղմուկն իրականում այլ պատճառներ ունի եւ որեւէ աղերս չունի նախկինների՝ հայրենիքի, կրոնի, եկեղեցու, հայի, Հայաստանի, Արցախի հանդեպ սիրո հետ: Նրանց մի մասն՝ արդեն, իսկ մյուս մասը՝ պոտենցիալ մեղադրյալներ են կոռուպցիոն գործերով, եւ նրանք ընդամենը շահարկում են այս թեմաները՝ մեղադրանքից խույս տալու կամ թեման շեղելու հույսով: