23.09.2019 19:06

Վահրամ Պողոսյան. Լևոն Տեր-Պետրոսյանի գործուն աջակցությունը Արցախյան պատերազմում մեր հաղթանակին անգնահատելի եմ համարում. Առավոտ

Վահրամ Պողոսյան. Լևոն Տեր-Պետրոսյանի գործուն աջակցությունը Արցախյան պատերազմում մեր հաղթանակին անգնահատելի եմ համարում. Առավոտ

Արցախյան «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում տարածել էր այս տեսանյութը՝ գրառմամբ ՝ «Լևոն Տեր-Պետրոսյանի մեծության մասին պատմությունը դեռ շատ փակ էջեր կբացի…»։

«Առավոտ»-ը հետաքրքրվել է Պողոսյանից՝ արդյոք նրա այդ գրառումը արտահայտո՞ւմ է կուսակցության տեսակետը։

«Անդրադարձել եմ Վազգեն Սարգսյանի բերված փաստարկներին, Լևոն Տեր-Պետրոսյանի գործուն աջակցությունը Արցախյան պատերազմում մեր հաղթանակին անգնահատելի եմ համարում։ Բնականաբար, դա իմ անձնական տեսակետն էր, դա որևէ կերպ չի առնչվում կուսակցության քաղաքական տեսակետին։ Եվ կարծում եմ՝ մենք պետք է կարողանանք սթափ լինել և ուժ գտնել մեր մեջ՝ լավին լավ ասել, վատին՝ վատ, այսինքն՝ իրերը իրենց անուններով կոչել։ Այսինքն՝ որևէ քաղաքական ենթատեքստ որևէ խնդիր չպետք է որոնենք։ Ամեն ինչ տեղավորվում է այս տրամաբանության մեջ»,- ասել է Վահրամ Պողոսյանը՝ հավելելով. «Իհարկե, սա չի նշանակում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը իր քաղաքական գործունեության մեջ բացթողումներ թույլ չի տվել։ Դա նաև չի նշանակում, որ կիսում եմ Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական վերջնական լուծման վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա թիմի կողմից առաջ քաշված տեսակետը, սա մեկը մյուսի հետ կապ չունի։ Պատերազմական գործողությունների ժամանակահատվածում նրա ունեցած կարևոր դերակատարությունը մենք չենք կարող չշեշտել, իհարկե, տարանջատելով այդ երկու կարևոր իրավիճակները։ Այսինքն՝ այն իրավիճակը, որտեղ ինքը լուծում է առաջարկում և այն իրավիճակը, որտեղ ինքը այդ ծանր շրջանում որպես երկրի նախագահ, որպես գերագույն գլխավոր հրամանատար գործել է։ Այդ մասին փաստում է հենց ինքը՝ սպարապետ Վազգեն Սարգսյանը հայտնի տեսանյութում, որը ես տեղադրել եմ իմ ֆեյսբուքյան էջում»։