23.09.2019 21:42

Առասպելաբանության սինդրոմ. Հրապարակ

Առասպելաբանության սինդրոմ. Հրապարակ

Երկրորդ նախագահի որդին՝ Լեւոն Քոչարյանը, ֆեյսբուքյան գրառում է արել, որտեղ գրում է, թե հոր իշխանության տասը տարիներին Հայաստանի բյուջեն մեծացել է ութ, տնտեսությունը՝ վեց անգամ:

«Քոչարյանը նաեւ թույլ չտվեց, որ Արցախը Նիկոլի քաղաքական հայրիկի առաջարկած տխրահռչակ փուլային տարբերակով հայտնվի Ադրբեջանի կազմում»- պնդում է Լեւոն Քոչարյանը:

Սկսենք վերջից. 1998թ.-ին, Հայաստանի նախագահի պաշտոնում հայտնվելուց մի քանի ամիս անց Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական համաձայնություն է տվել միջնորդների առաջարկած այսպես կոչված «ընդհանուր պետության» տարբերակին, որի հենց առաջին կետով Լեռնային Ղարաբաղը համարվում էր «հանրապետական տիպի պետական կազմավորում՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում»: Այն ենթադրում էր բուն ԼՂ շուրջ բոլոր տարածքների վերադարձ: Այդ ծրագիրն իրականություն չի դարձել միայն այն պատճառով, որ մերժվել է Ադրբեջանի կողմից: Մեկ տարի անց Քոչարյանը, ինչպես ինքն է իր գրքում խոստովանում՝ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի մատուցմամբ, քննարկել է ԼՂ շուրջ բոլոր տարածքները, Լաչինի միջանցքից բացի, Ադրբեջանին վերադարձնելու, նախկին ԼՂԻՄ-ի տարածքը Հայաստանին միավորելու եւ փոխարենն Ադրբեջանին Մեղրիում սուվերեն միջանցք տրամադրելու տարբերակը: Վերջին պահին, սակայն, Հեյդար Ալիեւը հրաժարվել է ստորագրել համաձայնագիրը: Իլհամ Ալիեւի իշխանության գալուց հետո կողմերը քննարկել են կարգավորման «փարիզյան սկզբունքները»՝ տարբերակ, որի մանրամասնությունները հայտնի չեն:

Գործընթացը ձախողվել է Ռամբուեյի հանդիպմանը, երբ Քոչարյանը լքել է բանակցությունների սենյակը: Այնուհետեւ բանակցություններն ընթացել են ԼՂ կարգավիճակի հարցով «հետաձգված հանրաքվեի» գաղափարի շուրջ, որը վերջնական տեսքի է բերվել 2007թ. նոյեմբերին եւ հայտնի է «մադրիդյան սկզբունքներ» անվանմամբ: Ըստ էության, դա կարգավորման նույն փուլային տարբերակն է, քանի որ ենթադրում է ԼՂ շուրջ տարածքների վերադարձ Ադրբեջանին, Հայաստանի եւ ԼՂ միջեւ ցամաքային միջանցքի ստեղծում, փախստականների եւ բռնատեղահանվածների վերադարձ իրենց բնակության նախկին վայրեր, այդ թվում՝ ադրբեջանցիների վերադարձ Լեռնային Ղարաբաղ, հաղորդակցության ուղիների գործարկում, խաղաղապահների տեղաբաշխում եւ ամենավերջում՝ ԼՂ կարգավիճակի հարցով հանրաքվե կամ պլեբիսցիտ, որի արդյունքները պարտադիր պետք է լինեն կողմերի համար: Այս տարբերակն է իրավահաջորդին ժառանգություն թողել Ռոբերտ Քոչարյանը:

Կրկնենք՝ դա կարգավորման նույն փուլային տարբերակն է, բայց՝ մի էական տարբերությամբ:

Եթե 1997թ.-ի առաջարկով Լեռնային Ղարաբաղն ի սկզբանե համաձայնագիր ստորագրող կողմ էր, օժտված վետոյի իրավունքով, իսկ գործընթացն ուժի մեջ մտնելու դեպքում  ինքն էր լինելու սեփական կարգավիճակի հարցով գլխավոր բանակցողը, հանգամանք, որ բացառում էր վերադարձն Ադրբեջանի կազմ, ապա «մադրիդյան սկզբունքներով» ԼՂ-ն օտարված է բուն բանակցություններից եւ պարտադրված՝ ընդունելու այն լուծումը, որին կհանգեն Հայաստանը եւ Ադրբեջանը: Ինչ վերաբերում է պետական բյուջեի ութնապատիկ, տնտեսության վեցնապատիկ աճին, ապա հարց է՝ իսկ Հայաստանի տնտեսությունն ի՞նչ աճ է ունեցել 1994-97 թվականներին: Եւ ինչպիսի՞ն կլիներ նրա վերելքը, եթե ԼՂ խնդիրն արժանապատվորեն կարգավորվեր, հաղթահարվեին շրջափակումն ու տարածաշրջանային ծրագրերից մեկուսացումը:

Վերոբերյալ հարցերին ստույգ պատասխան չկա, բայց մի բան անառարկելի է՝ չլիներ 98-ի իշխանափոխությունը, Քոչարյան ընտանիքը հաստատ «հաջողակ բիզնեսմեն» չէր դառնա:

Վահրամ Աթանեսյան

«Հրապարակ»