24.09.2019 13:00

Արսեն Գրիգորյան. Քոչարյանի գործի շոումենները

Արսեն Գրիգորյան. Քոչարյանի գործի շոումենները
Լուսանկարը՝ armeniasputnik.am-ից

Մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության համար փորձարկվեցին պաշտպանական բոլոր խորամանկություննները։ Նրա առաջին պաշտպանն էր հռչակավոր Ռուբեն Սահակյանը՝ Փաստաբանների պալատի նախկին նախագահը, դրանից առաջ Պողոս Պողոսյանի սպանության մեջ մեղադրվող հռչակավոր Աղամալ Հարությունյանի՝ Կուկուի  պաշտպանը, որին ընդամենը վերջերս զոհի եղբայրը մեղադրեց այն ժամանակ մարդասպանների օգտին աշխատելու մեջ։

Ռուբեն Սահակյանն իսկապես փորձառու պաշտպան է, նրա վրա մեղադրյալը կանգ առավ որպես բազմաթիվ ծառայություններ բարեհաջող իրականացրած մարդ։ Բայց Քոչարյանը կարգին խաբար էլ չէր, որ այդ ծառայությունները պարոն Սահակյանն իրականացրել է դատաիրավական մի համակարգում, որտեղ լավագույն փաստաբան լինելն անգամ ոչինչ չէր նշանակում։ Այսինքն, պարոն Սահակյանը զուտ պրոֆեսիոնալ առումով կարգին քննություն էլ չէր բռնել, այսինքն՝ չէր աշխատել մի դատաիրավական միջավայրում, որտեղ դատավորները չեն կատարում դատախազների հրահանգը։ Ուստի պարոն Սահակյանը Քոչարյանի պաշտպանությունն իրականացնելու առաջին օրերին արդեն որոշակի անհարմարություն էր զգում, չկար մեկը, որի հետ ինքը կարող էր ինչ-որ բան համաձայնեցնել։ Այնպես չէ, որ սա տեսանելի էր կլիենտին՝ մեղադրյալին, չնայած դրան՝ գործի մեջ գրեթե անմիջապես հայտնվեց մեկ այլ հռչակավոր փաստաբան, նախկին արծաթագործ եւ խառատ Հայկ Ալումյանը։ Վերջինս արագորեն լծվեց պարոն Սահակյանին ստվերելու գործին։ Որովհետեւ այս աշխարհը խիստ նեղ է երկու «հռչակավոր» փաստաբանի համար։

Այս երկուսի ճանապարհները մի անգամ խաչվել էին 2013-ին, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների առիթով, երբ սպանվեց բանակի գնդապետ Բուդաղյանը։ Սահակյանը ներկայացնում էր մարզպետի շահերը, Ալումյանը՝ զոհի հարազատների։ Այն ժամանակ Սահակյանն Ալումյանի մասին ասաց՝ Ալումյանը մանիպուլյացիա է անում ժուռնալիստների հետ՝ մարզպետին կասկածելով սպանության մեջ։ Ալումյանը շատ արագ հասցրեց Ռոբերտ Քոչարյանին հռչակել քաղբանտարկյալ, բայց այստեղ էլ նա վրիպեց՝ առանց հասարակության զգացական համաձայնության՝ քաղբանտարկյալ չեն լինում, որովհետեւ հասարակությունը չի տեսնում այն իշխանությունը, որի օրոք ինչ-որ մեկը կարող է քաղբանտարկյալ լինել։ Մեկը մեկից վրիպած կրակոցներ էին հնչում արդարադատության ուղղությամբ։ Պետք է ասել, որ Ալումյանը ջանում էր։ Ալումյանը հաջողեցրեց պաշտպանության մեթոդիկայում մտցնել շոուի տարեր։ Սակայն Քոչարյանը նստեց։

Գործի մեջ ներգրավվեցին ավելի երիտասարդ փաստաբաններ։ Նրանք արդեն գիտեին՝ զուտ իրավական ճանապարհով դժվար թե կարողանան Քոչարյանի գործին հաղորդել որոշակի հասարակական հավատ։ Եվ նրանք գնացին չստուգված, բայց «ճիշտ» ճանապարհով, քանի որ այդ ճանապարհը դեռ չէր էլ տապալվել։ Նրանք ուժեղացրին շոուի դոզան։ Գործն ամբողջությամբ «թատերականացվեց»։ Այդ ամբողջ ընթացքում Քոչարյանին հաջողվեց երկու անգամ փոխված խափանման միջոցով դուրս գալ։ Երբ երրորդ անգամ մարդը նստեց, այլեւս կրակելու փամփուշտ չկար։ Հիմա Քոչարյանի գործում մնացել է միայն շոուն, փաստաբանները գիտեն, որ իրավական ճանապարհով հաջողությունները բացառված են։ Իսկ շոուն պետք է, որպեսզի մեղադրյալի հավատը չկոտրվի։ Ուստի յուրաքանչյուրը ջանում է՝ ինչպես կարող է։ Նրանք մրցակցում են միմյանց միջեւ։ Ով ավելի շոումեն կլինի։ Ռուբեն Սահակյանը շոուազերծ փաստաբան է, այս փուլում նրա ծառայությունների կարիքը չկա, Ալումյանն առայժմ ավելի բարձր ձայն ունի շոուի համար, փոխարենը երկու երիտասարդ պաշտպանները՝ Վարդեւանյանն ու Օրբելյանը, առավել մեթոդական մեղմությամբ են վարվում շոուի հետ, բայց չեն մոռանում, թե ինչի համար են հավաքվել։ Ինչպես դա չեն մոռանում պիցայի գնով դատարանից դուրս պաշտպանություն իրականացնողները։