24.09.2019 18:57

Լիզա Ճաղարյան. Հայտնաբերեք «հավաստի աղբյուրներին»

Լիզա Ճաղարյան. Հայտնաբերեք «հավաստի աղբյուրներին»

Ես չգիտեմ՝ Հայկ Հարությունյանն իրո՞ք ինքնասպան է եղել, թե՞ նրան ինքնասպանության են հասցրել ինչ-որ մարդիկ։ Կամ՝ հենց իրե՛նք էլ սպանել են։

Թե ի՛նչ է կատարվել եւ ինչպես, իրավապահ մարմինները հեշտությամբ կարող են պարզել, որովհետեւ ըստ ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի ոչ անհայտ քույրիկ Անժելայի եւ ըստ «իմքայլական» պատգամավոր Թագուհի Թովմասյանի կայքի՝ «ինքնասպանությունից» առաջ նրա կողքին (կամ՝ սեղանի տակ) «հավաստի աղբյուրներ» են եղել եւ լսել են, թե ինչու է մարդն ատրճանակը մոտեցնում իր գլխին։

Սակայն, մի բան հաստատ գիտեմ։ Գիտեմ, որ այդ «հավաստի աղբյուրներին» պետք է փնտրել հեղափոխությունից հետո առավոտից երեկո «մեծ» կամ «փոքր» արյամբ» վախեցնող, արյունահեղ ապստամբությունների մասին «կանխագուշակող», Առաջին նախագահի հրաժարականին նմանվող հրաժարականով վարչապետին սպառնացողների միջավայրում։

Պետք է փնտրել ռոբասերժական ԶԼՄ-ների անչափ սիրելի լպիրշ կամ հոգեկան խանգարման ակնհայտ նշաններով «ստատուսչիկների» միջավայրում։

Պետք է հիշել, որ «արյան» սպառնալիքով առաջինը «հանդես եկավ» Ռոբերտ Քոչարյանի «զինակից» Գառնիկ Իսագուլյանը, հիշե՛լ, որ դրանից հետո սրան նույնիսկ թեթեւակի չնախազգուշացրեց ո՛չ ԱԱԾ-ն, ո՛չ ոստիկանությունը, որ բացահայտ բռնության կոչերը քրեորեն հետապնդելի են, ու դրանից հետո սոցցանցերը հեղեղվեցին նախկինների «հովանու ներքո» լպիրշ, այլանդակ, անբարոյական, արնահոտ սպառնալիքներով, որոնց առաջ լայնորեն բացվեցին նախկինների թալանով սնվող, բարոյականություն ու մասնագիտական չափանիշներ մոռացած լրատվամիջոցների ու հեռուստաալիքների «հյուրընկալ» դռները։

Արդեն տարիուկես է «թավշյա» աչուկներով տեսնում ու կուլ ենք տալիս, թե ինչպես են մարդասպանները, թալանչիները, Հայաստան պետությունը մոնղոլ-թաթարների պես հոշոտողնեն ու սրանց ողորմելի գրչակները աղբ ու գարշահոտ տարածում ամենուր, տեսնում ու կարդում ենք, թե քսան տարի շահնշահի պես ապրող նախկին կիսագրագետները ոնց են բարոյականության, բարության դասեր տալիս հանրությանը, «ոչխար», «բառան» ու սրանից ավելի տգեղ որակումներով բնորոշում Հայաստանի քաղաքացիներին, որ համարձակվել են իրենց նման ջեբկիրներին ու քիլերներին մերժել ու կատարել մի ընտրություն, որը վտանգում է իրենց շեյխական նիստուկացը, որն ուրվագծում է այն վանդակաճաղերը, որի հետեւում պետք է լինեին սրանցից շատերը, բայց... դեռ ազատություն են վայելում՝ բավական չէ, օրուգիշեր սպառնում են «մեծ արյամբ»։

Ո՞վ այս վախկոտ, լպրծուն արարածներին դարձրեց այսպես «քաջարի»։ Միայն փո՞ղը։ Ցավոք՝ ոչ միայն։ Սրանք հասկացան, որ հաշվել են նոր իշխանության «թավշյա» ատամները։ Ընդամենը։

Եթե Հայաստանի իրավապահ մարմինները հետեւողական լինեին, եթե ցանկացած բռնության կոչի, բռնության քարոզի հեղինակի հետեւից գնային ու քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով դատեին, այսօր ռոբասերժական վարձկանները Հայկ Հարությունյանի «ինքնասպանությունը», ռոբասերժական իշխանության տարիների մեթոդներով, չէին փորձի անամոթ լկտիությամբ բարդել իրենց հակառակորդների ուսերին, որ այս դեպքում՝ նոր իշխանություններն են։

Եվ եթե Հայկ Հարությունյանի «ինքնասպանությունից» հետո էլ իրավապահները շարունակեն նույն վեհերոտությամբ առաջ գնալ կամ տեղում դոփել, ուրեմն ոչ ոք թող չզարմանա, որ ոչ միայն «ինքնասպանությունները», նաեւ բացահայտ սպանությունները հետեւեն մեկը մյուսին։

Վերհիշեք այն անծայրածիր սպանությունների եւ «ինքնասպանությունների» ցանկը, որ իրականացվել են ռոբասերժական իշխանության տարիներին, եւ մի քիչ էլ տրամաբանեք, թե ում էին ձեռնտու այդ սպանությունները։

Դժվար չի։ Դրա համար ոչ պետք է իրավաբան լինել, ոչ էլ պետք է խելքի տոպրակ լինել։

Այսօ՛ր էլ նույն հարցը տվեք՝ ու՞մ էր ձեռնտու Հայկ Հարությունյանի «ինքնասպանությունը»։

Պատասխանը կգտնեք Անժելայի ու Թագուհու «հավաստի աղբյուրների» շրջակա միջավայրում։