25.09.2019 17:30

Լիզա Ճաղարյան. «Ում կովը բառաչի», ձերը թող մլավի

Լիզա Ճաղարյան. «Ում կովը բառաչի», ձերը թող մլավի

Որ Վայոց ձորի մարզպետը պետք է հրաժարական տա (եւ կարծես արդեն հայտարարել է իր հրաժարականի մասին), քննարկման ենթակա չէ։ Մասնակցել է ծեծին, թե չի մասնակցել, տանն է եղել այդ պահին, թե քրտնամխած աշխատելիս է եղել հանուն Վայքի բարգավաճման, նշանակություն չունի. ի՛ր օգնականին մարզպետն է ընտրել, եւ այդ օգնականի հանցագործության պատասխանատուն նաեւ մարզպետն է, առաջի՛ն հերթին մարզպետն է։

Ծեծվողը եւ այժմ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացին Հայոց բանակի սպա է. անչափ ցավում եմ եւ հույսս չեմ կորցնում, որ բժիշկները կփրկեն նրա կյանքը։

Սակայն, երբեք չեմ հասկացել ու չեմ հասկանա, թե ինչու է անընդհատ շեշտվում, որ տուժողը սպա է։ Իսկ եթե հողագործ կամ նախրապան լիներ, հանցանքը զանցա՞նք էր համարվելու, թե՞ հնարավոր է նույնիսկ՝ մարզպետի օգնականը հիմա բանտախցում չլիներ։

Ամեն դեպքում, քանի որ տուժողի սպա լինելու հանգամանքը շահարկվում է, եւ քանի որ շահարկողները գլխավորապես «արդարադատության մարտիկ» նախկիններն են, որ մինչեւ երկինք աղաղակում են, թե՝ տեսե՛ք, ինչպես են վարվում Հայոց բանակի սպաների հետ նոր իշխանությունները, ուրեմն ստիպված եմ հիշեցնել եւս երկու սպայի պատմություն. մեկը՝ Ավետիք Բուդաղյանը, սպանվեց, իսկ նրա ծանր վիրավորված եղբայր Արտակ Բուդաղյանի կյանքը բժիշկները փրկեցին բարեբախտաբար։ Երկուսի ուղղությամբ էլ կրակել էին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) առանձնատնից, եւ բազմաթիվ ապացույցներ կան, որ կրակողը եղել է հենց ինքը՝ Լիսկան։

Մանրամասներին չեմ անդրադառնա. ե՛ւ այդ արյունահեղության տեսանյութը կա սոցցանցում, ե՛ւ գրեթե ամեն օր լրագրողների աչքի առջեւ է Բուդաղյանների ներկայացուցիչ, այժմ մեղադրյալ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։ Հարցրեք, ինքն ավելի մանրամասն կպատմի (եթե ցանկանա), թե ինչպիսի «արդարադատություն» էր իրականացվում նախկինների օրոք Հայաստանում։

Իսկ ես հիշեցնեմ, որ անչափ «արդար» ռոբասերժականների «շնորհիվ» տասը տարի շարունակ սյունեցիներին սարսափի մեջ պահող Սուրիկ Խաչատրյանին «շա՛տ խստորեն» պատժեցին. զինվորականների պահանջով 2013-ի հունիսի 6-ին մարզպետի պաշտոնը ձեռից առան, եւ երբ կրքերը հանդարտվեցին (թե ինչու հանդարտվեցին, «հանդարտվողները» կիմանան), 2014-ի սեպտեմբերին «անփոխարինելի» Լիսկան կրկին դարձավ Սյունիքի մարզպետ։

Հիշեցի՞ք, սպայի պատվի համար ձեզ պատեպատ զարկող սերիալի ապաշնորհ դերասաններ։

Եթե սա հիշեցիք, ուրեմն հիշեցնեմ նաեւ, թե ինչպես «պատժվեց» Հոկտեմբերի 27-ի կոտորածից հետո ՀՀ ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարար Սերժիկ Սարգսյանը։

ՀՀ քաղաքացիների, զինվորականների ցասումից զգուշանալով՝ Քոչարյան Ռոբերտը Սարգսյան Սերժիկին զրկեց պաշտոնից, հետո տարավ իր աշխատակազմի ղեկավար դարձրեց, իսկ քիչ անց՝ ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար կարգեց, եւս մի քանի օր էլ մթնեց-լուսացավ, ու մի օր էլ Հայաստանի քաղաքացիներն արթնացան ու տեղեկացան, որ Հայաստանի ներսում երկրի առաջին դեմքերի ու ԱԺ պատգամավորների նախճիրը կանխելուն անընդունակ (բազմաթիվ վկայություններ կան, որ Ս. Սարգսյանի ղեկավարած կառույցին մի քանի անգամ զեկուցվել է, որ ահաբեկչություն է սպասվում) մարդուն Քոչարյան Ռոբերտը վստահեց Հայաստանի սահմանների անվտանգությունը։

Էլ վախենալու ու զգուշանալու խնդիր չէին տեսնում «կաթնեղբայրները». բազմաթիվ «թունդ զայրացած» զինվորականներ արդեն «հանդարտվել էին» ու տաքուկ տեղավորվել Սերժիկ Սարգսյանի թեւի տակ (ինչու «հանդարտվեցին», հարցրեք իրենց)։

Ռոբասերժական տարիներին սանձազերծված «արդարադատության» մասին վկայող այսպիսի պատմություններն անթիվ-անհամար են, եւ նախկինների ոհմակի «արդարադատ» վայնասունին «ընդառաջ»՝ ժամանակ առ ժամանակ չեմ զլանա հիշեցնել։