26.09.2019 18:06

Լիզա Ճաղարյան. Ի՞նչ նյութից են շինվել սրանք

Լիզա Ճաղարյան. Ի՞նչ նյութից են շինվել սրանք

Թվում էր՝ 2008-ի մարտի 1-2-ի իշխանական հանցագործություններին հետեւած՝ ՀՀ ոստիկանության պատերի ներսում այդ հանցագործությունների լկտի պարտակման ու «սրբագրման» բացահայտման մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության հաղորդագրությունը կստիպի, որ քոչարյանականներն ու ՀՀԿ-ականները մի քանի օր գոնե լալկվեն։

Կրկին սխալվեցինք։

Ընդամենը մեկ հատված այդ հաղորդագրությունից. «Ըստ առաջադրված մեղադրանքի` 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, համատեղությամբ նաև 2006 թվականի մարտի 14-ից ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը և ՀՀ նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարված առանձնապես ծանր հանցագործության՝ սահմանադրական կարգի տապալման գործիքներն ու միջոցները, ինչպես նաև հանցագործության հետքերը, այն է՝ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության կողմից իրականացված անօրինական գործողությունները և ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու և մարդու իրավունքների եվրոպական դատարանում ու միջազգային այլ կառույցներում տեղի ունեցածն իրավաչափ քողի ներքո ներկայացնելու խմբային շահերից ելնելով, ինչպես անձամբ, այնպես էլ այլ անձանց հետ հանցակցությամբ, չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝  2008 թվականի մայիսի 29-ից ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի և սույն քրեական գործով նշված ժամանակահատվածում վարույթն իրականացնող մարմնի միջոցով կազմակերպել են նշված՝ առանձնապես ծանր հանցագործությունը նախապես չխոստացված պարտակելը՝ իրենց հանձնարարություններով ու ցուցումներով պաշտոնատար անձանց դրդելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, պաշտոնեական կեղծիքների կատարման և ապացույցները կեղծելուն»:

Այս հանցագործության հետ ոչ մի առնչություն չունեցող հանրությունը կարդաց ողջ հաղորդագրությունն ու փշաքաղվեց, իսկ հանցագործ ավազակախմբի անդամների անամոթությունը, կրկին պարզվեց, չունի չափ ու սահման։ Եվ այլեւս կասկածի նշույլ չի մնում, որ սրանք կանգ չեն առնելու ու հոխորտալու են մինչ այն պահը, երբ կսկսվի սեփական կաշին փրկելու համար միմյանց մեղադրելու պահը։

Եվ եթե իրավասու մարմինները շարունակեն նույն հետեւողականությամբ բացահայտել սրանց անծայրածիր հանցագործությունները, ավազակախմբի ոչ մի անդամ թող սին հույս չփայփայի, որ սրանք հանրությանը զրկելու են իրար գզվռտելու «թամաշայի» հանդիսատեսը դառնալուց։

Եվ այնուամենայնիվ. ի՞նչ նյութից են շինվել սրանք, ո՞նց է պատահել, որ հանցագործների այս «թայֆայի» շարքերում մինչ օրս չգտնվեց գեթ մեկը, որ քսան տարի շարունակ բացահայտորեն երկիրը թալանելուց, անմեղ մարդկանց սպանելուց ու անպատիժ մնալուց, հարյուրավոր քաղբանտարկյալների բանտերը լցնելուց, խոշտանգելուց, հարյուրավոր ընտանիքների իրենց բնակարաններից «գերակա շահի» անվան տակ փողոց շպրտելուց, ՀՀ բնակչության կիսաքաղց գոյապայքարի պայմաններում աներեւակայելի չափերի հասնող հարստություն կուտակելուց ու գահընկեց լինելուց հետո ներողություն խնդրի Հայաստանի քաղաքացիներից, մեղա գա, թեկուզ չքմեղանա, որ ինքը տեղյակ չի եղել, թե ինչերով են զբաղված եղել իրենց կուսակիցներն ու «թայֆակիցները»։ Չքմեղացողներին դժվար թե հավատացող գտնվի, բայց գնահատողներ գուցե գտնվեն, որ գեթ այս մեկը փորձում է արդարանալ, որովհետեւ հետին թվով գետինն է մտնում իր կամ իր «թայֆակիցների» չարագործությունների համար։

Չկա։ Դե, ո՞ր իշխանությունը չի սխալներ անում. լավագույն դեպքում ոչինչ չասող այս կցկտուր ու հերթապահ միտքն է կիսաձայն հնչել, որը խեղդվել է սրանց լպիրշ, ամբարտավան պոռոտախոսությունների հեղեղի ալիքների մեջ։

Պարոնա՛յք եւ տիկնա՛յք, սխալներ ու վրիպումներ անում է նոր իշխանությունը։ Ձեր արածները սխալներ չեն, սարսափազդու հանցագործություններ են։ Մեկը բացահայտվում է, ու հասարակությանը թվում է՝ երեւի սա է ռոբասերժականների հանցագործությունների գագաթնակետը, ու մեկ էլ պարզվում է՝ ի՞նչ գագաթնակետ, ի՞նչ բան. հաջորդ բացահայտումն առավել սահմռկեցնող է։

Ու վա՛յ նրանց, ովքեր ներկա իշխանության սայթաքումներից դժգոհելով՝ կհամալրեն ռոբասերժական ավազակախմբի շարքերը։

Եթե հանցագործներն իրենց կաշին փրկելու համար հակահարձակման են անցել, քանի որ այդպես են որոշել իրենց ստնտուները, ապա աններելի հանցագործությունների բացահայտման շղթայի ֆոնին սրանց աջակիցը դարձողները երբեք չեն ներվելու։

Կրկնում եմ. հանցագործություն կատարողները կարող են փորձել արդարանալ՝ հրաման եմ կատարել, չգիտեի, որ ապօրինի հրաման է, տեղյակ չեմ եղել, չեմ գիտակցել, ինձ խաբել են...

Հանցագործություն պարտակողներդ, նոր իշխանության շարքերը սպրդած եւ ներսում «ական» աշխատողներդ պատժվելու եք նույնքան խստորեն, որքան նախկինները։