26.09.2019 20:00

Պատվի համար. Սպայի

Պատվի համար. Սպայի

2018 թվականի հեղափոխությունից հետո նախկիններին առնչվող ցանկացած հարուցված քրեական գործով «պաշտպանելու» նախկինների տակտիկան նույնն է եւ չի փոխվել: Եւ կարծես` գնալով ավելի է կարծրանում ու իրավական դաշտից անզուսպ ջատագովությամբ ու համառությամբ տեղափոխվում բացառապես քարոզչական շահարկումների դաշտ:

Պաշտպանության նախկին նախարար, վերջին ԱԺ ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը երեկ ներգրավվել է որպես մեղադրյալ: ԱՄՆ-ում ուսանող Սարգսյանն անմիջապես արձագանքել է եւ հայտարարել, թե մեղադրանքը «քաղաքական նպատակներ է հետապնդում», եւ թե «այս գործընթացի հիմնական նպատակն է հերթական հարված հասցնելը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և բանակի ղեկավարության վարկանիշին»:

Ընդհանրապես, այս քարոզչական տակտիկան կարմիր թելի նման անցնում է բոլոր նախկինների խոսքում. ում «կպնում են»` հայտարարում է, թե իրենց քաղաքական հետապնդման են ենթարկում եւ հարվածում այդպիսով` կա՛մ բանակին, կա՛մ պետությանը, կա՛մ Արցախին, կամ` այդ ամենին միաժամանակ:

Այսինքն, բանակը, Արցախը, պետությունը դարձրել են վահան` բոլո՛րը:

Միքայել Մինասյանն էլ է դրսից երեւան գալիս, թե՝ գիծ քաշեք:

Այսինքն, ստացվում է, որ պետք է մոռանալ անցյալը, եղածը եղած է, այսինքն, ոչ մեկին մոտենալ չես կարող, թե չէ կշահարկեն, իրենց ամբողջ հսկայական մեդիառեսուրսներով` սիլիկոնյան շուրթերով աղմուկ կբարձրացնեն` հասե՜ք, բանակին են հասել, պետությանն են հասել:

Ու հարցն այն էլ չէ, որ նույն Վիգեն Սարգսյանը բանակի կամ պետության հետ իրականում աղերս չունի եւ կամ ունի այնքանով, որքանով որ աշխատել է Սերժ Սարգսյանի փաստաթղթերի հետ, եւ որ միակ չծառայած նախարարն առնվազն բարոյական առումով պիտի խուսափեր իրեն բանակի հետ ասոցացնելուց:

Հարցն ավելի խորքային ու աբսուրդային է. մարդկանց գիտակցության մեջ փորձ են անում նստվածք սերմանել, թե հանցանքը խնդիր չէ, խնդիր է` բարձրաձայնելը:

Այնինչ, պիտի խոսեին միայն մեկ բանի մասին` կա՛մ արել են, կա՛մ չեն արել: Վերջ: Ի՞նչ կապ ունեն այս ամենի հետ բանակը, պետությունը, Արցախը:

Բայց՝ շահարկում են:

Շահարկում են, թեեւ մարդիկ եթե անգամ չեն բարձրաձայնում, բայց աչք ունեն եւ տեսնում են, բանական են ու մտածում են, նաեւ իրենց հարց են տալիս միշտ` ինչպես է պատահում, որ, ասենք` բանակում նույնքան աշխատավարձ ստացող երկու անձանցից մեկը հազիվ է ապրում, մյուսը տուն կամ տներ է կառուցում, վոյաժների մեջ է պարբերաբար ու բիզնեսներ է անում:

Նույն կամ գրեթե նույնքան աշխատավարձն այդ ինչպես են այդպես հակադիր կերպով ծախսում:

Բանակն այդպես չեն սիրում, բանակին այդպես չեն ծառայում, զինվորին այդպես չեն սիրում, եւ ընդհանրապես` պետությունն այդպես չեն սիրում, եւ պետությանն այդպես չեն ծառայում:

Բանակին ամենամեծ հարվածը նրանք են հասցնում, ովքեր տոն օրերին ճառում են բանակաշինության ու հայրենասիրության մասին, օգտվում են իշխանության տված քարոզչական լծակներից եւ եթերով անընդհատ իրենց անունն են քարոզում` որպես անփոխարինելի հերոսների, ովքեր վարձկաններ են պահում սոցցանցերում, որպեսզի իրենց գովերգեն, ում կինը կամ դուստրը մեկ օրում գնում է ավելի թանկարժեք կոշիկ կամ պայուսակ, քան մեկ տարվա ընթացքում կարող է ծախսել մեկ այլ զինվորական կամ պատերազմի մասնակից։ Բանակի թշնամիները նրանք են, ովքեր «ուտում են» բանակը: Եւ խնդիրն ամենեւին բարձրաձայնել կամ չբարձրաձայնելը չէ, եթե անգամ ամոթից լռության մատնվեն բոլոր այդպիսի դեպքերը, մեկ է` բոլորը գիտեն, թե ով ինչպես է հարստանում, եւ թե ով` ինչեր է կուտակել ու կուտակում, եւ բնականորեն նաեւ հասկանում են, որ այդ ամենը աշխատավարձով չեն կուտակել:

Իսկ ընդհանրապես, եթե իրոք բանակի մասին եք մտածում, բանակը ձեզ համար վահան մի դարձրեք, անգամ եթե վստահ եք, որ անմեղ եք։ Պնդեք միայն ձեր անմեղությունը, հեռու պահեք բանակն այդ ամենից, թե չէ նմանվում եք Սողոմոն իմաստունի առակի հայտնի երկու կանանցից այն մեկին, որ ասում է` սպանեք երեխային, թող ոչ իրեն մնա, ոչ էլ` ինձ: Եթե դուք իսկապես սիրեիք բանակն ու համարեիք, որ ձեր կյանքը ծառայություն է բանակին ու պետությանը, դուք մյուս կնոջ պես կվարվեիք: Եւ մարդիկ կտեսնեին դա:

Հետո էլ կասեք` պատիվ ունեմ:

Մի ասեք, դուք չգիտեք դա ինչ է, որովհետեւ եթե իմանայիք, գոնե կլռեիք:

 

Քրիստինե Խանումյան