27.09.2019 13:46

Մադրիդը կբողոքարկի Կատալոնիայի խորհրդարանի բանաձևը

Մադրիդը կբողոքարկի Կատալոնիայի խորհրդարանի բանաձևը

Իսպանիայի կառավարությունը կբողոքարկի Կատալոնիայի խորհրդարանի ընդունած բանաձևերի նախագծերը, որոնցով պահանջվում է համաներում հայտարարել իրենց տարածաշրջանի կալանավորված քաղաքական գործիչների նկատմամբ և ինքնավարությունից դուրս բերել քաղաքացիական գվարդիան:

Այդ մասին տեղեկացրել են երկրի կառավարությունից:

Հինգշաբթի օրը կատալոնական պալատը խոստացել է «ինստիտուցիոնալ պատասխան տալ» անջատողական շարժման առաջնորդների նկատմամբ երկրի Գերագույն դատարանի վճռին:

Ինքնավար շրջանի խորհրդարանը նաև աշխատելու է քաղաքական գործիչների համաներմանը հասնելու ուղղությամբ՝  նույնիսկ  նրանց ազատազրկման դատավճիռների դեպքում:

2017 թ. հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ Կատալոնիայի անկախության հանրաքվեն: Մադրիդը հենց սկզբից այդ հանրաքվեն ոչ օրինական հայտարարեց և հրաժարվեց ընդունել դրա արդյունքները: Նույն թվականի հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանը հաստատեց անկախ հանրապետություն հռչակելու բանաձևը:

Իսպանիայի գերագույն դատարանը հոկտեմբերի առաջին կեսերին կարող է վճիռ արձակել կատալոնացի քաղաքական գործիչների նկատմամբ, որոնք առնչություն են ունեցել հանրաքվեի հետ: Չի բացառվում, որ դատավճիռը կարող է տարածաշրջանում նոր բողոքի ցույցերի պատճառ դառնալ:

Փոխանցում է tass.ru-ն: