27.09.2019 17:20

Լիզա Ճաղարյան. «Գայլը վրան ոչխարի մորթի առած, գառներուն պահապան հսկող է դառած»

Լիզա Ճաղարյան. «Գայլը վրան ոչխարի մորթի առած, գառներուն պահապան հսկող է դառած»

Զարմանալի բան չեմ տեսնում, որ նախկիններն ու իրենց գրչակները բոլոր ստորագույն միջոցներով օգտագործում են նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահը՝ ի շահ իրենց։

Ի վերջո, սրանք այն նույն արժեհամակարգի կրողներն են, որ չէին խորշում ծաղրել Հոկտեմբերի 27-ի զոհերի սգվոր հարազատներին, իսկ սրանց «գերագույն հրամանատարը» զոհերի իրավահաջորդների շահերը պաշտպանող փաստաբանին ատելությամբ լի արհամարհանքով «բոմժ» էր անվանում, որովհետեւ փաստաբանները պնդում էին, որ Հոկտեմբերի 27-ը «ուչաստկովիի մակարդակի գործ» չի, ինչը նախճիրից անմիջապես հետո շտապեց հայտարարել «գերագույնը»։

Հիմա, երբ զրկվել են իշխանությունից, եւ շարան-շարան բարձրաձայնվում են սրանց մեկը մյուսից սահմռկեցնող հանցագործությունները, այս նույն սրբապիղծները «մայրթերեզաներ» են դարձել, սրանց «մարդասիրությունն» արդեն սահմաններ չի ճանաչում, անամոթությունն էլ՝ հետը։

Ի դեպ, իրար հետեւից հայտարարվող քրեական գործերի բարձրաձայն քննարկումներում, վերլուծություններում, հարցազրույցներում եթե մի մարդ կար, որի անունն ամենաքիչն էր շոշափվում այս նույն «ողբասացների» շրջանում՝ հանգուցյալ Հայկ Հարությունյանն էր։ Այսօր՝ հետին թվով այդ մարդու հասցեին էժանագին, եղկելի բաժակաճառեր արտասանողներն այս ողջ ընթացքում չեն հիշել կամ գրեթե չեն հիշել, որ մեղադրյալների շարքում նաեւ Հայկ Հարությունյան անուն-ազգանունով «պինդ, հպարտ, սպայի արժանապատվությամբ» մարդ կա։ Էլ չասեմ, որ ոչ ոք չէր ահազանգել, որ այս մարդը ծանր հոգեվիճակում է, բոլոր ամբաստանյալներից մի քանի անգամ ավելի ծանր է տանում հարցաքննվելու եւ ազատազրկվելու հեռանկարը։

Երկու տարբերակ կա այս դեպքում.

ա. լկտիաբար ստում են, եւ իրենց չի հետաքրքրում Հայկ Հարությունյանի մահը, եւ սրանք մարդու ողբերգական մահվան «կրակի» վրա իրենց արյունոտ թաթերն են տաքացնում,

բ. գիտեին, որ Հայկ Հարությունյանը ընկճված է այնչափ, որ հնարավոր է՝ վերջ տա իր կյանքին, եւ դահճի լռությամբ ու սադիստի սառնասրտությամբ սպասում էին այդ օրվան, որ հետո ճիվաղային վայնասուն բարձրացնեին, ինչը տեսնում ենք այսօր։

Երկու դեպքում էլ սրանց «մարդ» ասելուց առաջ պետք է երկմտել։

Ինչու՞ ինքնասպանվեց կամ սպանվեց Հայկ Հարությունյանը, ես չգիտեմ։ Հնարավոր է, նույնիսկ հավանական է, որ պատճառը առաջիկա դատավարությունն էր, որին տասը տարի սպասել է ՀՀ հանրությունը։

Եվ ի՞նչ։ Քանի որ Հայկ Հարությունյանը ստեղծված իրավիճակում մահն է գերադասել, հանցագործները պետք է անպատի՞ժ մնան։ Ցանկացած հանցագործ, որին ազատազրկում է սպառնում (Մարտի 1-ի պատճառով լինի, թե գրեթե ամեն օր կատարվող որեւէ հանցագործության), չի բացառվում, որ մահը գերադասի բանտախցի փոխարեն, ի՞նչ անի արդարադատությունը՝ չդատի՞ ոչ մեկի։

Այս զառանցանքը շրջանառողները կշարունակե՞ն Սերժիկ Սարգսյանի «սրբի լուսապսակով» ժամանակ առ ժամանակ ներկայացող փադիշահի կյանք վայելող փեսայի «ջնջենք, նորից սկսենք» տխմարագույն բաժակաճառը կրկնել, եթե իրե՛նց դուռը բախի նույն կսկիծը (չեմ ցանկանում), որ ապրեցին Մարտի 1-ի անմեղ զոհերի հարազատները, եւ իրե՛նց մաշկի վրա զգան այն զրկանքներն ու նվաստացումները, որ քսան տարի «վայելեցին» Հայաստանի քաղաքացիները։

Ես էլ գիտեմ, որ ծիծաղելի բան ասացի։

Այս մարդիկ բոլոր սրբությունները կոխկռճելով առաջ են գնում միայն այն պատճառով, որ իրենց հանցագործ տերերին են պատասխանատվության կանչել։ Գիտե՛ն, վստա՛հ են, որ հանցագործների են պաշտպանում։ Հակառակ դեպքում ամեն անհեթեթ առիթով դատավարությունները հետաձգելու պատճառներ չէին պեղի։ Հակառակ դեպքում կշտապեին, որ դատավարությունը հնարավորինս շուտ սկսվեր, ու հասարակությունն էլ տեսներ, որ դատապարտյալների աթոռներին նստածներն անմեղ հրեշտակներ են ու պահանջեր նրանց ազատությունը։

Ո՛չ, չեն շտապում։

Մեզանից լավ գիտեն, որ դատվողները հանցագործներ են, ավելին՝ աղմկողների մեծ մասը մասնակցել է կատարված հանցագործություններին, ու հենց դրա համար էլ սրանք ամեն ինչ անում են, որ դատավարությունը չսկսվի։

Ու հրճվանքից տրտինգ են տալիս, որ հանցագործությունների վկաների թիվը նվազում է։

Հայկ Հարությունյանի մահը ձեռնտու էր միմիայն Ռոբերտ Քոչարյանին եւ նրա հանցագործ խմբակին։

Ցավակցում եմ Հայկ Հարությունյանի ընտանիքին։