28.09.2019 12:51

Հետապնդել են Քոչարյանի գործը քննող դատավորին. 1 անձ ձերբակալվել է

Երեկ երեկոյան առնվազն երկու անձ վիրավորական եւ սպառնալից արտահայտություններով հետապնդել են Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը քննող Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին եւ տեսանկարահանել են այդ ամենը: Նրանք Դանիբեկյանին հետանդել են մինչեւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր:

Ավելին, տեսանկարահանելուց հետո տեսանյութը տարածել են սոցիալական ցանցերում, ինչից պարզվել է, որ այդ երկու անձը Քոչարյանի համար անցկացվող ցույցերի մասնակիցներն են, որոնցից մեկը թատերագետ Լեւոն Մութաֆյանի որդին է` Նարեկ Մութաֆյանը:

Զարմանալին այն էր, որ միայն այդ դեպքից հետո պարզ դարձավ, որ հանրային մեծ հնչեղություն ունեցող գործը քննող դատավորին պետությունը հատուկ պաշտպանության տակ չէիր առել, այն դեպքում, երբ նույն գործը քննող նախորդ երկու դատավորների պարագայում թիկնապահներ տրամադրվել էին:

Դեպքից քիչ անց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքում գրեց, որ Աննա Դանիբեկյանին արդեն տրամադրվել է պահպանություն/թիկնապահ, եւ որ արդեն «աշխատանքներ են տարվում տան պահպանության եւ տան անդամների պաշտպանության ուղղությամբ»:

Դեպքին անդրադաձան նաեւ Բարձրագույն դատական խորհուրդը, Մարդու իրավունքների պաշտպանը, Արդարադատության նախարարը:

 

Բարձրագույն դատական խորհրդի հայտարարության մեջ նշվում էր.

«Այսօր՝ 20:15-ի սահմաններում, մի խումբ անձինք հետապնդել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին՝ անհարկի հարցուպատասխանի միջոցով փորձելով հոգեբանական ճնշման ենթարկել, վիրավորել և նսեմացնել դատավորի անձը: Կատարվածի վերաբերյալ դատավոր Դանիբեկյանն անմիջապես տեղյակ է պահել Բարձրագույն դատական խորհրդին և այս պահին հաղորդում է ներկայացնում Ոստիկանությանը: Բարձրագույն դատական խորհուրդը դատապարտում է դատավորի նկատմամբ ցանկացած ոտնձգություն և ճնշում, որով կվտանգվի նրա անկախությունն ու մասնագիտական գործունեությունը, և հայտարարում, որ հետևողական է լինելու, որպեսզի օրենքի առաջ կանգնեն և խստագույնս պատասխանատվության ենթարկվեն բոլոր այն անձինք, ովքեր կփորձեն որևէ տեսակի ոտնձգություն գործել դատավորների, նրանց պատվի և արժանապատվության, մասնագիտական գործունեության դեմ»:

 

Օմբուդսմեն Արման Թաթոյանի հայտարարության մեջ ասված էր.

«Դատավոր Աննա Դանիբեկյանի հետ այսօր տեղի ունեցածն անթույլատրելի է։

Դատավորն օժտված է հատուկ պաշտպանությամբ՝ պայմանավորված նրա կողմից իրականացվող անփոխարինելի գործառույթներով։ Այս կանոնների ցանկացած խախտում պետք է արժանանա պետության արձագանքին։

Պետք է հարգանքով վերաբերվել յուրաքանչյուր մարդու արժանապատվությանը՝ անկախ նրա կարգավիճակից. այն բարձր արժեք է։ Մարդու արժանապատվությունն անխախտելի է, մեզանից յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների անփոխարինելի հիմքն է:

Այս կերպ է ձևավորվում համերաշխությունը հասարակությունում ու ապահովվում փոխադարձ հարգանքի մթնոլորտ»։

 

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Խստորեն դատապարտում եմ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ հետապնդումն ու ոտնձգությունը։ Նման դեպքերը պետք է բացառվեն ու խստորեն պատժվեն:
Տեղյակ եմ, որ Ոստիկանությունում փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, և արդեն իսկ բերման է ենթարկվել հանցագործության մեջ կասկածվող անձը։ Այս իրողությունը մեր իրականությունում պետք է տեղ չունենա. սա ուղղակի անթույլատրելի է»:

Արդեն ուշ գիշերը ոստիկանությունը այսպիսի բովանդակությամբ հաղորդագրություն տարածեծ.

«Սեպտեմբերի 27-ին համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հետապնդվել և ենթարկվել է ճնշումների։ Փաստի առթիվ ընդունված հաղորդման հիման վրա ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել հիշյալ հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող երիտասարդը։ Վերջինս ձերբակալվել է։
Կատարվում է հետաքննություն»:

Ոստիկանությունը տարածեց նաեւ Մութաֆյանին բերման ենթարկելու տեսանյութը:

Իսկ առավոտյան Քննչական կոմիտեից հայտարարեցին, որ Կոմիտեում վարույթ է ընդունել դատավոր Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Պարզվում են դեպքին մասնակից մյուս անձի կամ անձանց ինքնությունը: 1993 թվականին ծնված Նարեկ Մութաֆյանը ձերբակալված է:

 

Հիշեցնենք, որ դեռեւս այս տարվա օգոստոսին մեդիափորձագետ Ռաֆայել Աֆրիկյանը գրել էր, որ Նարեկ Մութաֆյանը հայտնի է նրանով, որ 2016-ի հոկտեմբերի 28-ին նա` նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով մի խումբ անձանց հետ, մաքսանենգությամբ, իրացնելու նպատակով Հայաստան է ներկրել խոշոր չափերի՝ 3,769 գրամ հաշիշի յուղ տեսակի թմրամիջոցով լիցքավորված թվով 16 էլեկտրոնային ծխագլանակներ։ 2016-ին Նարեկ Մութաֆյանը ձերբակալվել է և 1 տարի 9 ամիս գտնվել կալանքի տակ։ Այնուհետև խափանման միջոցը փոխվել էր գրավի։ «Այսօր դատարանի վճռով Նարեկ Մութաֆյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 4 տարվա ազատազրկման։ Նա կշարունակի ազատության մեջ մնալ մինչև դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը»,- գրել էր Աֆրիկյանը։

Ինչպես եւ սպասվում էր, Ռոբերտ Քոչարյանի աջակցությամբ զբաղվով փաստաբան-իրավաբան-իրավապաշտպանները ոչ միայն փորձում են «արդարացնել» կատարվածը` այն կազմակերպված հարձակման փոխարեն որակելով որպես Փաշինյանի կողմից դատարանների հանդեպ ցուցաբերած «վարքի» բնական արձագանք, այլեւ նրանցից ոմանք արդեն իսկ Մութաֆյանին փորձում են քաղբանտարկյալ հռչակել: