30.09.2019 13:36

Հյուրերը գալիս են. Մեկնարկել է Եվրասիական համաժողովը, վաղն էլ՝ ԵԱՏՄ խորհրդի նիստն է

Հյուրերը գալիս են. Մեկնարկել է Եվրասիական համաժողովը, վաղն էլ՝ ԵԱՏՄ խորհրդի նիստն է

Սեպտեմբերի 28-ի երեկոյան մեկնարկել է Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած կառավարական պատվիրակության պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն:

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին, Երևանում` Բաղրամյան 26-ում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը դիմավորել են Սինգապուրի կառավարության ղեկավարին և նրա տիկնոջը` Հո Չինին: Հնչել են երկու երկրների ազգային օրհներգները, որից հետո պատվո պահակախմբի մասնակցությամբ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը:

Լուսանկարման արարողությունից հետո սկսվել են երկու երկրների կառավարական պատվիրակությունների բանակցությունները:

Պաշտոնական դիմավորման արարողությունից հետո Աննա Հակոբյանն ու Հո Չինն այցելել են «Մեգերյան կարպետ» գորգերի գործարան, իսկ  Նիկոլ Փաշինյանի և Լի Սյեն Լունի երկկողմ պաշտոնական բանակցությունների ավարտից հետո տեղի է ունեցել մամուլի համատեղ ասուլիս։ Երկու երկրների վարչապետերը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, ապա պատասխանել զանգվածային լրատվության միջոցների հարցերին։

Երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի անունից ի պատիվ Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի և տիկին Հո Չինի տրվել է պաշտոնական ճաշ, որի ընթացքում երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել բաժակաճառերով:

Իսկ այսօր արդեն մեկնարկել է «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով երկօրյա միջազգային համաժողովը, որի փակմանը մասնակցելու է ոչ միայն Սինգապուրի վարչապետը, այլեւ Իրանի նախագահն ու ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները:

Համաժողովի արդյունքներով հրապարկվելու է հռչակագիր:

Համաժողովը կազմակերպվել է վարչապետ Փաշինյանի նախաձեռնությամբ՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում:

Համաժողովն անցկացվելու է պանելային քննարկումների ձևաչափով: Համաժողովի ընթացքում որպես խոսնակ հանդես են գալու ԵԱՏՄ անդամ և գործընկեր պետությունների բարձրաստիճան պաշտոնյաները՝ փոխվարչապետները, տրանսպորտի ոլորտը համակարգող նախարարները, ԵԱՏՀ կոլեգիայի նախագահն ու նախարարները, ավտոմոբիլային փոխադրումների միջազգային ասոցիացիաների, բիզնես համայնքի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

Համաժողովի ընթացքում քննարկվելու են գլոբալ տրանսպորտային-լոգիստիկ համակարգերին, տարածաշրջանային ինտեգրմանը, թվային տրանսպորտին ու լոգիստիկային առնչվող հարցեր: Միջոցառման նպատակն է ստեղծել հարթակ քննարկելու Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժն իրացնելու հնարավորություններն ու հեռանկարը, բարձրաձայնելու առկա մարտահրավերներն ու բացերը և գտնելու փոխշահավետ ու արդիական լուծումներ՝ իրացնելու տարածաշրջանում առկա ներուժը:

Նշենք, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Հայաստան կայցելի այսօր երեկոյան:

Վաղը՝ հոկտեմբերի 1-ին Երեւանում կմեկնարկի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը, որին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների, ինչպես նաեւ ԻԻՀ եւ Սինգապուրի ղեկավարները:  

Խորհրդի նիստին մասնակցելու համար վաղը Երեւան կժամանի նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: