30.09.2019 15:32

Արսեն Գրիգորյան. Քաղբանտարկյալ «լինելու» նուրբ արվեստը

Արսեն Գրիգորյան. Քաղբանտարկյալ «լինելու» նուրբ արվեստը

Քանի՞ տարի պահանջվեց նախկիններից, մինչեւ հասկացան, թե ով է «քաղբանտարկյալը»: Հասկացան, բայց արդեն ուշ էր: Ստիպված են բառի բուն իմաստով խուլիգանների վրա սպառել էդ բառը: Բառի բուն իմաստով: Այսինքն, խելքը գլխին մեկին չեն կարողանում գտնել: Դատավոր Դանիբեկյանին հետապնդողներին Արցախի նախկին ՄԻՊ-ը (ևս մեկը՝ Կանադայից) հռչակել է «քաղբանտարկյալ»:

Մարդ ուզում է հարցնել՝ տղերք, դուք իսկապե՞ս ձեր կյանքում գոնե մեկ քաղբանտարկյալ չեք տեսել: 20 տարի գուցե հատուկ նաեւ ձեզ համար էին զուտ քաղաքական հայացքներ ունեցողներին բռնում ու նստեցնում: Էդ մարդիկ ոչ մեկի հետևից չէին ընկնում, ոչ մեկը նրանց գոյությունից իր անձին սպառնացող անհարմարության զգացում չուներ, բայց բռնում ու նստացնում էին, որպեսզի ձայնն էլ չլսվի: Երևի կհիշեք, ձերբակալման առաջին օրերին նույնիսկ փաստաբաններին մոտ չէին թողնում: Էդ մարդիկ քաղբանտարկյալ էին գլուխը կախ, հասարակությունը նրանց հետ էր, ու դա հերիք էր, որ չընկճվեն, հասարակությունը նրանց իրավացիությամբ ապրում էր: Դուք երկու մոլագարակերպերի համարում եք քաղբանտարկյա՞լ: Գուցե բղավեք նաեւ, թե ինչպես են նրանց խոշտանգում 3-4 քմ խցերու՞մ:

Գիտե՞ք, թե ով է քաղբանտարկյալը: Գուցե ձեր ականջներին չհավատաք: Բայց լսեք՝ քաղբանտարկյալն այն մարդն է, որին, երբ ձերբակալում են, ազատության մեջ գտնվողը նույնպես իրեն ձերբակալված է զգում: Ձեր տղաների հետ քանի՞սն է իրեն զգում ձերբակալված: Ռուբեն Մելիքյանն այնպիսի մի հրճվանքով է հայտարարում, որ «մենք վերջապես ունեցանք Մարդու իրավունքների միջազգային դասագրքերում ներառվելու արժանի «քաղբանտարկյալի» քեյս», կարծես այս ուղղությամբ Հայաստանը միջազգային պարտավորություններով վերջին 28 տարում տիտանական ջանքեր էր օգտագործում, ընկնում էր պատժամիջոցների տակ ու ոչ մի կերպ չէր հաջողվում: Վերջապես հաջողեց: Տարօրինակ մարդիկ եք: Եկեք պայմանավորվենք այսպես, դուք ձեր տղերքին համարեք քաղբանտարկյալ, բայց պետք է գոնե փոքր-ինչ ցանկություն ունենաք նստելու նրանց հետ, որովհետեւ դուք կիսում եք նրանց ահաբեկչությունը: Նրանց ի՞նչը չի հերիքում՝ ամբիո՞նը: Լրատվամիջոցների մի հսկա մասը նրանց տրամադրության տակ է, իսկական քաղբանտարկյալն ամբիոն չունի տոտալիտար երկրում: Իսկական քաղբանտարկյալին հետապնդում են, ոչ թե ինքն է ամեն ինչ անում հենց ճաղերի արանքը հայտնվելու համար:

Մենք մաթեմատիկորեն չենք հիմնավորի նրանց ոչ քաղբանտարկյալ լինելը, որովհետեւ մաթեմատիկան արժանապատվություն ունի, իրեն թույլ չի տա մթնով կնոջ հետեւից ընկնելը ծառայեցնել իրեն: Քաղբանտարկյալը ճնշված հասարակության ակտիվ խիղճն է, ու՞մ խիղճն են ձեր տղաները: Ու՞ր են թեկուզ խլացված այն ձայները, որոնք նրանց ազատությունն են պահանջում, մենք նույնիսկ երաշխիք չունենք, որ նրանք շուտով ազատության մեջ չեն հայտնվի նույնիսկ մեզ անհայտ պատճառներով: Ընդամենը 2 տարի առաջ մենք գերազանց գիտեինք՝ եթե բռնել են, էլ բաց թողնողը չեն: Ափսոս, էդ երևույթը փորձի փոխանակումով չէ: Այլապես կարելի էր մի քանիսին ուղարկել ձեզ մոտ՝ սովորեցնելու քաղբանտարկյալ «լինելու» նուրբ արվեստը: