30.09.2019 16:49

Սաուդյան Արաբիան նախազգուշացնում է նավթի գների հնարավոր աճի մասին

Սաուդյան Արաբիան նախազգուշացնում է նավթի գների հնարավոր աճի մասին

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը նախազգուշացրել է, որ նավթի գները կարող են բարձրանալ, եթե աշխարհի առաջնորդները ջանքեր չգործադրեն Իրանին զսպելու ուղղությամբ:

«Եթե աշխարհը վճռական քայլեր չձեռնարկի Իրանին զսպելու ուղղությամբ, մենք ականատես կլինենք հետագա էքսպանսիայի, որը սպառնում է համաշխարհային շահերին: Նավթի մատակարարումը կխախտվի, իսկ գինն էլ կթռչի մինչև աներևակայելի բարձր ցուցանիշներ, ինչը մենք մինչ այժմ երբեք չենք տեսել»,- ասել է բին Սալմանը CBS հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Թագաժառանգի խոսքով՝ Մերձավոր Արևելքն ապահովում է էներգակիրների համաշխարհային մատակարարումների գրեթե 30 %-ը,  գլոբալ առևտրային միջանցքների մոտավորապես 20 %-ը և համաշխարհային ՀՆԱ-ի առնվազն 4 %-ը:

«Պատկերացրեք, որ այս երեք բաղադրիչներն անհետացել են: Դա նշանակում է գլոբալ տնտեսության լիակատար կոլապս, այլ ոչ թե միայն Սաուդյան Արաբիայի և Մերձավոր Արևելքի երկրների»,- նշել է բին Սալմանը:

Անցյալ շաբաթ Էր-Ռիադը Իրանին մեղադրել է սաուդյան նավթային օբյեկտները հրթիռակոծելու և դրանց վրա դրոններով հարձակում գործելու մեջ:

Փոխանցում է BBC-ն: