01.10.2019 12:09

Վախճանվել է Արտո Չաքմաքչյանը

Վախճանվել է Արտո Չաքմաքչյանը

Այսօր Մոնրեալում, 86 տարեկան հասակում վախճանվել է հայ ականավոր քանդակագործ, նկարիչ Արտո (Հարություն) Չաքմաքչյանը։

Ծնվել է 1933 թվականին Կահիրեում։ 1948 -ին քանդակագործի ընտանիքը Եգիպտոսից հայրենադարձել է Խորհրդային Հայաստան, ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակագործության բաժինը։

1964-ին արժանացել է Մոսկվայի Խաղաղության կոմիտեի առաջին մրցանակին «Հիրոսիմա. քանդակի համար։

1975-ին մեկնել է Կանադա, Մոնրեալում դասավանդում էր Քվեբեկի համալսարանում։

Արտո Չաքմաքչյանի ստեղծագործությունները տեղադրված են Մոնրեալի, ինչպես նաև աշխարհի մի շարք այլ քաղաքներում, նաեւ Հայաստանի ազգային պատկերասրահում, ԺԱԹ-ում, արտերկրյա թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում («Կոմիտաս», «Դեթրոյթ», «Ապրիլյան հուշակոթող»...):

Մասնակցել է հանրապետական, միութենական, միջազգային ցուցահանդեսների։ 2010 թվականին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ն կազմակերպել է Արտո Չաքմաքչյանի քանդակների ցուցահանդեսը։

Արտո Չաքմաքչյանը Մովսես Խորենացի, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե, «Արշիլ Գորկի», Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի «Նարեկացի» մեդալների եւ Պատվո շքանշանի է արժանացել։

Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ էր։

Հ.Գ. Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ այս նույն օրը վախճանվեց Շառլ Ազնավուրը։