01.10.2019 17:17

Բելառուսի ԱԳՆ. Մոսկվայի և Մինսկի ինտեգրման ծրագիրը ինքնիշխանությանը չի սպառնում

Բելառուսի ԱԳՆ. Մոսկվայի և Մինսկի ինտեգրման ծրագիրը ինքնիշխանությանը չի սպառնում

Բելառուսի ԱԳՆ ղեկավար Վլադիմիր Մակեյը հայտարարել է, որ Բելառուսի և Ռուսաստանի ինտեգրման ծրագիրը ոչ մի սպառնալիք չի պարունակում հանրապետության անկախության նկատմամբ:

Այդ մասին նախարարն ասել է РБК-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է ԱԳՆ կայքում:

Նրա խոսքով՝ այսօր դաշնություն կամ համադաշնություն ստեղծել մեկ այլ պետության հետ՝ հազիվ թե հնարավոր է, քանի որ հանրությունը, 1990-ականների համեմատ, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը, «արդեն բոլորովին ուրիշ է»: «Այսօր արդեն մի քանի սերունդ մեծացել է անկախ պետությունում, և ոչ ոք պատրաստ չէ ճակատագրի զոհասեղանին դնել այդ անկախությունը: Հետո էլ, ճիշտն ասած՝ չեմ հասկանում, նույնիսկ տեսականորեն  չեմ պատկերացնում, որ երկրի առաջին նախագահը, որն անկախ պետություն է ստեղծել, կարող է զոհաբերել այդ անկախությունը, և ինչպե՞ս է նա մտնելու պատմության մեջ»,- ընդգծել է Մակեյը:

Ինչ վերաբերում է ծրագրին, ապա, ինչպես նշել է նախարարը, այն հիմնվում է միայն ու միայն 1999 թ. Միութենական պետություն ստեղծելու վերաբերյալ պայմանագրի դրույթների վրա:

Փոխանցում է tass.ru-ն: