01.10.2019 17:31

Որ դուք հերո՞ս

Որ դուք հերո՞ս
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Քոչարյանամերձ մամուլը երեկվանից մի բավականին «ուշագրավ» վերլուածական է տարածում, որի համառոտագիրը հետևյալն է.

2019 թվականի վերջին կամ 2020 թվականի սկզբին Ադրբեջանը պատերազմ է սանձազերծելու, որին կարող է խանգարել միայն Ռոբերտ Քոչարյանը, «եթե նա ազատության մեջ լինի»: Քոչարյանական հոդվածագիրը հայտարարում է, թե ազատության մեջ նա կարող է օգտագործել իր կապերը ՌԴ նախագահ Պուտինի եւ Իրանի հետ, բարձրացնել հայկական բանակի ու Արցախի ոգին եւ այդպիսով կանխել պատերազմը:

Ընդհանրապես՝ այն, որ քոչարյանական քարոզչությունը միշտ էլ դուրս է եղել բարոյականության եւ տրամաբանության սահմաններից, հայտնի է, բայց նույնիսկ իրենց համար սա, մեղմ ասած՝ «շրիշակից ցածր» մակարդակ էր: Եւ եթե խոհեմություն ունենային, ոչ միայն իրենց մամուլով չէին տարածի սույն վերլուծությունը, այլեւ դեռ մի բան էլ՝ ներքին կարգով «կխնդրեին» հեռացնել այն:

Որովհետեւ, փաստացի, ինչ է ասում այդ նյութը․ մարդը, որը պնդում է, որ ինքը հերոս է, որ ինքը գիշեր-ցերեկ խորհում է բացառապես պետականության եւ Արցախի մասին, պարզ ու բացահայտ հայատարարում է, թե գիտեք, ես տեղեկություններ ունեմ, որ Ադրբեջանը հարձակվելու է Արցախի վրա, եւ ես կարող եմ դա կանխել, բայց դա կանեմ միայն այն ժամանակ, եթե ես լինեմ դրսում: Այսինքն, եթե տեսականորեն կանխելու հնարավորության մասին պնդումները ճիշտ լինեին, կնշանակի, որ մարդը ասում է՝ եթե դրսում չլինեմ, չեմ կանխի պատերազմը եւ թույլ կտամ, որ պետությունը կործանվի:

Անկեղծ ասած՝ մենք հերոսներին եւ հերոսների մտածելակերպն ու մոտեցումը սեփական պետականությանը այլ կերպ էինք պատկերացնում: Այն է՝ եթե մարդը իսկապես նվիրված է իր պետությանը եւ ամեն ինչից վեր է դասում այն, պիտի որ այն վեր դասեր նույնիսկ իր սեփական անձից: Մեր պատկերացմամբ, մարդը, որը պնդում է, թե ինքը հերոս է, նման իրավիճակում լիովին այլ հայտարարություն պիտի աներ, մոտավորապես այսպես՝ «Ադրբեջանը թող երբեք մտքով չանցկացնի, որ կարող է հարձակվել Արցախի վրա, որովհետեւ այդ դեպքում, որտեղ էլ ես գտնվելիս լինեմ, կօգտագործեմ իմ արտաքին կապերը՝ կանխելու համար այդ հարձակումը, իսկ իմ կողմնակիցներին էլ կոչ կանեմ այդ օրհասական պահին մեկնել ճակատ»: Փոխարենը, փաստորեն, ունենք լիովին հակառակ պատկեր. եթե ես պիտի կործանվեմ որպես քաղաքական գործիչ, ապա թող պետությունն էլ կործանվի, եթե իշխանությունն իմը չէ, ապա թող այն ոչ մեկինն էլ չլինի:

Ինչ խոսք, շատ պետականամետ մոտեցում է:
Միայն թե այսպիսի քարոզչություն անողները պիտի հասկանան, որ ինֆորմացիոն նման ազատության եւ բացության դարում այդպիսի քարոզչությամբ է՛լ ավելի շատ հակառակորդներ են ձեռք բերում, քան կունենային, եթե լռեին, գոնե՝ երբեմն:

Որովհետեւ բոլորն էլ աչք ունեն եւ տեսնում են, որ կա գործիչ, որը հանուն սեփական անձի պատրաստ է զոհասեղանին դնել Հայաստանը, Արցախը, դրսից օգնություն կանչել այդ գործի համար:

Ի դեպ, ընդամենը հիշեցնենք, որ դեռ 2008 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հետմարտիմեկյան ելույթներից մեկում հայտարարել էր.

«Ադրբեջանը պետք է հասկանա, որ ինչպիսի ներքաղաքական վիճակ էլ տիրի մեր երկրում, միևնույն է՝ Ղարաբաղի դեմ ռազմական ոտնձգություն կատարելու պարագայում կհանդիպի հայ ժողովրդի միահամուռ դիմադրությանը։ Իսկ այդ դիմադրության առաջին շարքերում, վստահաբար, կհայտնվեն այսօր բանտերում գտնվող մեր ընկերները։ Ռազմական վտանգի առաջացման դեպքում ես ինքս կոչով կդիմեմ Համաժողովրդական շարժման մասնակիցներին, խնդրելով ժամանակավորապես դադարեցնել իրենց քաղաքական գործողությունները և լծվել հայրենիքի պաշտպանության նվիրական գործին»։

 

Պարգեւ Ապրեսյան