02.10.2019 09:30

Փաշինյան-Պուտին 2 հանդիպում, ՌԴ պաշտոնական այցի հրավեր

Փաշինյան-Պուտին 2 հանդիպում, ՌԴ պաշտոնական այցի հրավեր

Երեկ կայացած Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանում, ունենալ այս հնարավորությունը՝ Ձեզ հետ քննարկելու մեր ընդհանուր օրակարգի հարցերը: Կարծում եմ, որ այսօր իսկապես Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում տեղի են ունեցել հատկանշական իրադարձություններ, մենք ստորագրեցինք համաձայնագիր Սինգապուրի հետ, ուժի մեջ է մտնում Իրանի հետ ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագիրը, և ես շատ ուրախ եմ, որ այս ամենը տեղի է ունենում Երևանում: Դա հիշարժան փաստ է Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահության համար: Անկեղծ ասած, ես գոհ եմ, որ Եվրասիական տնտեսական միությունում մեր նախագահությունն այսպիսին եղավ: Իհարկե, դեռևս կա ժամանակ, ես հույս ունեմ, որ մեզ դեռևս կհաջողվի ԵԱՏՄ-ում արձանագրել այլ արդյունքներ ևս:

Եվ իհարկե, մեզ համար շատ կարևոր են մեր երկկողմ հարաբերությունները: Ռոււսաստանը մեզ համար ռազմավարական գործընկեր է և մենք այդ ռազմավարական գործընկերությունն ավելի ու ավելի ամուր դարձնելու հույս ունենք: Եվ շնորհակալություն պատրաստակամության, մեր հարաբերությունների ընկալման համար: Վստահ եմ, որ մեր հարաբերությունները կլինեն ավելի ու ավելի ամուր: Ամեն դեպքում մենք այդպես ենք տրամադրված»,- հանդիպման ժամանակ նշել է Նիկոլ Փաշինյանը:

ՌԴ նախագահն էլ արձագանքել է. «Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, ես իմ կողմից ցանկանում եմ հաստատել մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը, դրանք ամրապնդված են ոչ միայն վերջին տարիների և տասնամյակների իրադարձություններով, այլ մեր ժողովուրդների հարաբերությունների դարավոր պատմությամբ։ Իսկ Ձեզ՝ որպես ԵԱՏՄ-ում նախագահողի, ցանկանում եմ շնորհավորել Երևանում կայացած գագաթնաժողովի արդյունքների կապակցությամբ: Դրանք իսկապես լավն են և երրորդ կողմի երկրների հետ կապերի զարգացման տեսանկյունից, և, որ, ավելի կարևոր է մեզ համար, ոչ մի խնդիր չի առաջացել, հակառակը, կազմակերպության շրջանակում մասնակից պետությունների միջև բոլոր համաձայնությունները ձեռք են բերվել: Դուք այն մարդն եք, ով ներդրել է առավելագույն ջանքեր՝ նման արդյունավետ աշխատանքի համար: Դրա համար ես ցանկանում եմ Ձեզ ոչ միայն շնորհավորել, այլ նաև շնորհակալություն հայտնել»,- ասել է Վլադիմիր Պուտինը։

Կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ, ջերմ և բարեկամական մթնոլորտում անցած առանձնազրուցի ընթացքում Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-ռուսական տնտեսական համագործակցությանը, ռազմաքաղաքական գործընկերության հետագա ամրապնդմանը, տարածաշրջանային նշանակության հարցերի:

Հաղորդվում է նաեւ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Ռուսաստանի Դաշնություն:

Ուշագրավ է, որ արդեն ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է, որ եւս մեկ հանդիպում է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ:

«Եւս մեկ մեկուկես ժամանոց հանդիպում ունեցա ՌԴ նախագահի հետ: Հանդիպումը կայացավ «Զվարթնոոց» օդանավակայանում: Հայ-ռուսական հարաբերությունները հուսալի եւ դրական հունի մեջ են»,- գրել է Փաշինյանը: