02.10.2019 19:15

Լիզա Ճաղարյան. «Ամբողջացնող հեղափոխական» Րաֆֆի Հովհաննիսյանն ու «մյուսները»

Լիզա Ճաղարյան. «Ամբողջացնող հեղափոխական» Րաֆֆի Հովհաննիսյանն ու «մյուսները»

Զբաղված էինք դրսից ժամանած հյուրերով եւ անարդարացիորեն աչքաթող արեցինք Րաֆֆի Հովհաննիսյանի ավետիսը։

Դե՛, որ «Ժառանգությունը» եկել է։

Չխորանանք, չմանրանանք, թե բա որտե՞ղ էր էդ «Ժառանգությունը», որ հիմա էլ ծանր տեղը թեթեւացրել է ու եկել։ Էդ որ եկել է «ամբողջացնելու հեղափոխությունը», բա չէ՞ր կարող հենց հեղափոխության սկզբում գալ ու «ամբողջացնել»։ Ինչի՞ է տարիուկես սպասել-սպասել ու կողքից նայել «չամբողջացած» հեղափոխությանը։

Դե՛, ինչ որ է։ Ազատ երկիր է, հիմա՛ է մտքով անցել, հիմա է եկել։ Չկամություն չցուցաբերենք, թող «ամբողջացնի»։

Եթե հանկարծ չստացվի «ամբողջացնել», խնդիր չի. հացադուլը (ծոմը) միշտ կա ու կա։

Ինձ այլ հարց է հետաքրքրում։

Պարզվում է, ռոբասերժական խմբակի անդամների պես՝ «ամբողջական» պարոն Հովհաննիսյանն էլ է ծանր տանում, թե ինչու Մարտի 1-ի պատասխանատուների ցուցակում Առաջին նախագահի անունը չկա։ «Ժառանգությանը» բարով-խերով տեղ հասցրած պարոն Հովհաննիսյանը տեղյակ չի՞, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՔԾ-ում հարցաքննվել է որպես վկա։ Թե՞ տեղյակ է, բայց նրան չի բավարարում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը որպես վկա՛ է ցուցմունք տվել, եւ ուզում է այստեղ էլ կիսատն «ամբողջացնել»։

Բայց արժի՞ որ, պարոն Հովհաննիսյան։ Դժվար թե «Ժառանգություն» կուսակցության հիմնադիրը մոռացած լինի, որ 2008-ի նախագահական ընտրություններից հետո ինքն ու իր կուսակցությունը նույնպես միացան մեր պայքարին։

Դժվար թե մոռացած լինի, որ մինչ արյունոտ մարտի 1-ը, 2008-ի փետրվարի 24-ին, մեղադրյալ Ռ. Քոչարյանի հրահանգով, ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել հետեւյալ հիմնավորմամբ.  «ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ, գնդապետ Մ. Մարուքյանս, քննարկելով ՀՀ ԿԱ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանման և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունից ստացված նյութերը, պարզեցի. Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրությունների գործընթացում Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանը, Պետրոս Մակեյանը, ՄՅՈՒՍՆԵՐՆ (ընդգծումն իմն է – Լ.Ճ.) ու ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր Պետրոսյանը, տեղեկանալով, որ ըստ նախնական տվյալների պարտվել է ընտրություններում և ստացել ընտրողների ձայների ընդամենը 21.5%-ը, երկրում օրինական իշխանությունների նկատմամբ անվստահության մթնոլորտ ստեղծելու, հիմնարկ ձեռնարկությունների, կազմակերպությունների բնականոն աշխատանքները կազմալուծելու միջոցով, ինչպես նաև զինված խմբավորումներ կազմավորելու և դրանք հետագա գործընթացներում օգտագործելու կոչերով, Հայաստանի Հանրապետության պետական իշխանությունը յուրացնելու, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություններ են կատարել։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քր. դատ. օրենսգրքի 27, 175–176, 181–182, 192 րդ հոդվածներով՝ որոշեցի. 1. Լևոն Տեր Պետրոսյանի և մի խումբ անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու փաստի առթիվ հարուցել թիվ 58200608 քրեական գործը՝ ՀՀ քր. օրենսգրքի 300 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն ընդունել վարույթ և կատարել նախաքննություն։ 2. Սույն որոշման պատճենն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին»։

Հուսով եմ, Րաֆֆի Հովհաննիսյանի ուշադրությունից չսպրդեց «մյուսները» բառը։ Ճիշտ է, ինչպես ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանն է ասել՝ սա «իրավական անգրագիտության գլուխգործոց» է, բայց ինչ որ կա՝ էն եմ ասում։

Իսկ ասածս ահա՛ թե ինչ է պարոն Հովհաննիսյանին։ Այդ «մյուսները» շատ առաձգական է, գրեթե անսահմանության է ձգտում։ Այդ «մյուսների» ցուցակում կարող էին հայտնվել Ազատության հրապարակում այդ օրերին պայքարող անխտի՛ր բոլորը։ Նաեւ՝ ես։ Նաեւ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ վերջերս եսիմ որտեղից ժամանած «Ժառանգություն» կուսակցության այդ ժամանակահատվածի կուսանդամներն ու համակիրները։

Ես, իհարկե, շատ վաղուցվանից եմ գիտակցել, որ մինչ «հեղափոխությունն ամբողջացնելը», պարոն Րաֆֆի Հովհաննիսյանը, նախ, ժամանակ առ ժամանակ իր բարձրաձայնած մտքերն «ամբողջացնելու» շատ մեծ խնդիր ունի։ Հիմա էլ եմ գիտակցում, որ վաղը կամ մյուս օրը սույն պարոնը կարող է մեկ էլ ինքն իր ասածները հերքել։ Կամ՝ ավելի ծաղկեցնել։ Ընդհուպ՝ իր որոշ նախկին կուսակիցների պես կարող է այն աստիճանի դեմքը կորցնել, որ սկսի «բարիկադների» վրա պայքարել հանուն գլխավոր մեղադրյալի ազատության։

Սակայն, դա հո չի՞ ազատում պարոն Րաֆֆի Հովհաննիսյանին՝ «մյուսների» պես «բադասխան» տալ Մարտի 1-ի համար։

Ո՞վ կարող է պնդել, որ, օրինակ, ես կարող եմ լինել «մյուսների» ցանկում, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ոչ։

Ոչ ոք չի կարող։ Րաֆֆի Հովհաննիսյանը 2008-ին միացել էր մեր պայքարին, եւ փետրվարի 24-ին հարուցված քրգործում նշված «մյուսներից» մեկն էլ ինքն է։

Հետո՞ ինչ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն անսպասելի աներեւութանալու եւ նույնքան անսպասելի «առկայծելու» հատկություն ունի։

Մենք, «դժբախտաբար», զուրկ ենք այդօրինակ «տաղանդից» ու 2008-ի անցուդարձը հիշում ենք այսօրվա պես։