02.10.2019 20:52

Արսեն Գրիգորյան․ Աղետի Վանգաները

Արսեն Գրիգորյան․ Աղետի Վանգաները

Ինչ՝ ինչ, բայց աղետների հարցում քոչարյանական լրատվամիջոցները միշտ գիտեն ինչ են ասում։ Նրանք աղետ մարմնավորած մարդ են ներկայացնում, նրանք ցավում են աղետի համար, բայց, չգիտես ինչու, այսօր աղետ են կանխատեսում Նիկոլ Փաշինյանի իշխանությունից։

Այստեղ փոքրիկ խնդիր կա։ Քոչարյանի ժամանակ աղետ կանխատեսելը անշնորհակալ գործ էր, աղետը գալիս էր մինչեւ ենթադրելը, որ կգա։ Իսկ հիմա պարզվում է, որ մեզ աղետ է սպասվում։ Ի՞նչ է այս մարդկանց ուզածը։ Նրանք աղետ են ուզում, ահա թե ինչ։ Նրանք գիտեն, որ աղետ ենթադրող ոչինչ տեղի չի ունենում Հայաստանում, և այդ բառը դարձրել են հալվա ու ասում են։ Մեկը գրում է՝ առաջ՝ դեպի «37-ականների Հայաստան»՝ չիմանալով, որ կոնկրետ թիվն ական չի լինում։ Իսկ որտե՞ղ են նրանք փնտրում աղետը։ Ասենք, դատաիրավական բարեփոխումների մեջ։ Իսկ ո՞վ է նրանց բացատրելու, որ աղետը եւ ինքնիշխանությունը միմյանց հետ չխոսող եզրույթներ են։ Վերջին 20 տարում առաջին անգամ Հայաստանը կատարում է բացառապես ինքնիշխանությանը նպաստող քայլեր, առաջին անգամ այդ քայլերը զոհեր չեն պահանջում, առաջին անգամ աշխարհը հաշվի է նստում այդ քայլերով սեփական արժանապատվությունն ընդգծելու մղումի հետ։ Այստեղ որտե՞ղ է աղետը։

Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման նախագիծն աղե՞տ է։ Եկեք այստեղ էլ անկեղծ լինենք՝ ո՞վ կամ ի՞նչն է աղետ՝ Հրա՞յրը, թե՞ նախագիծը։ Երկրորդը նույնիսկ դեռ որեւէ բան չի ապացուցել, իսկ Հրայրի աղետալի գործունեության փորձն ունենք։ Ինչ-որ մեկն էլ գուժում է, որ վարչապետի քաղաքականությունը հանգեցնելու է պատերազմի։ Գուցե այստե՞ղ փնտրենք աղետը։ Պարզվում է, որ կոռումպացված գեներալների քրեական հետապնդումը մեզ վրա թանկ է նստելու։ Ինչպես ասում են՝ «թուրքը տեսնում, ուրախանում է»։

Տղերք, մի քիչ ուշադիր եղեք։ Դատվում են ոչ թե գեներալները, այլ՝ կոռումպացվածները, որոնք նաեւ գեներալի ուսադիր ունեն։ Դատվում է ոչ թե նախագահը, այլ Ռոբերտ Քոչարյանը, որը երկու ժամկետով նախագահ է աշխատել։ Ասում են՝ վարչապետը գլխատում է բանակը։ Տղերք, վարչապետը հիգիենայի զգացում ունի, իրեն կեղտոտ գործերի մեջ թաթախված զինվորականներ պետք չեն։ Մեզանից ոչ մեկին պետք չեն նրանք։ Ձեզ էլ պետք չեն:

Նրանք աղետ են բղավում, որպեսզի ինչ-որ մեկն իրենց բերանը փակի, ու նրանք տոնեն աղետը։ Անձամբ ես չէի ասի, թե նոր Հայաստանում դրա համար ենք հավաքվել՝ նույնիսկ քշա չասելով քոչարյանական լրատվամիջոցներին։ Իսկ քշա չեն ասում, որովհետեւ, եթե անկեղծ լինենք, էդ աղետից նույնիսկ նրանց է հեռու պահել նոր Հայաստանը։ Մի քիչ էլ կմեծանան, կհասկանան։