03.10.2019 13:23

Հաշոգի. մեկ տարի անց

Հաշոգի. մեկ տարի անց

Հոկտեմբերի 2-ին լրացել է Ստամբուլում սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի անհետացման մեկամյակը:

Այդ օրը Ստամբուլում, Սաուդյան Արաբիայի հյուպատոսության մոտ, տեղի է ունեցել հիշատակի արարողություն, որի ընթացքում բացվել է լրագրողի հուշարձանը: Միջոցառումն սկսվել է տեղական ժամանակով ժամը 1.14-ին. հենց այդ ժամին է մեկ տարի առաջ Հաշոգին մտել իր երկրի դիվանագիտական ներկայացուցչություն, որպեսզի ստանա ծրագրված ամուսնության համար անհրաժեշտ փաստաթղթերը:

«Այժմ, իմ կյանքի վատագույն մեկ տարուց հետո, ես կանգնած եմ այստեղ կոտրված, բայց հպարտ: Ես հպարտ եմ, որ ձեզ բոլորիդ տեսնում եմ այստեղ, և ձեր բոլորի հետ ես էլ դեռ արդարություն եմ փնտրում: Ես ուզում եմ իմանալ՝ որտե՞ղ է նրա մարմինը: Ես ուզում եմ, որ նրա բոլոր ընկերներն ազատվեն բանտից»,- ասել է սպանված լրագրողի հարսնացուն:

Հաշոգին հայտնի էր Էր-Ռիադի քաղաքականության վերաբերյալ իր քննադատական հոդվածներով: 2017 թվականից նա ապրում էր ԱՄՆ-ում և գրում Washington Post-ի համար:

Թուրքական և ամերիկյան հատուկ ծառայությունները կարծում են, որ լրագրողի սպանությանը առնչություն ունի Սաուդյան Արաբիայի բարձրագույն ղեկավարությունը, մասնավորապես՝ թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը: Էր-Ռիադը դա հերքում է:

Լրագրողի դին մինչ օրս չի հայտնաբերվել:

Փոխանցում է euronews-ը: