03.10.2019 15:32

Fox. Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազին խնդրել են փակել Bursima-ի գործը

Fox. Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազին խնդրել են փակել Bursima-ի գործը

Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինը  հունվարին Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիի հետ հանդիպման ժամանակ պատմել է, որ իրեն խնդրել են փակել Bursima հոլդինգի նկատմամբ հարուցված գործը, որտեղ աշխատում էր ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդին:

Այդ մասին հաղորդել է Fox News հեռուստատեսությունը, որի ձեռքի տակ են Շոկինի հետ զրույցի ժամանակ Ջուլիանիի կատարած գրառումները:

«Շոկինը փորձում էր շարունակել հետաքննությունը, սակայն 2015 թ. հունիսին կամ հուլիսին Ուկրաինայում այն ժամանակվա ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայեթը նրան հայտնել է, որ հետաքննությունը պետք է զգույշ վարել: Այդ պատճառով գլխավոր դատախազը որոշել է ոչինչ չանել»,- ասվում է այդ գրառումներում: Արդյունքում՝ հետաքննությունը դադարեցվել է՝ «ԱՄՆ-ից վախենալու պատճառով»,- գրել է Ջուլիանին:

Շոկինը Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնն զբաղեցրել է 2015 թ. փետրվարից մինչև 2016 թ. մարտը: Ավելի վաղ ճապոնական NHK հեռուստաալիքը հարցազրույց է հրապարակել գլխավոր դատախազի պաշտոնում Շոկինին փոխարինած Յուրի Սևրուկի հետ, որը պնդում է, որ 2015 թ. դեկտեմբերին Ուկրաինա ժամանած Բայդենը անձամբ է խնդրել այն ժամանակ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոյին՝ Շոկինին պաշտոնանկ անել:

Ջո Բայդենը 2020 թ. նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի ամենահավանական մրցակիցն է: Դեմոկրատների կարծիքով՝ Թրամփը, ճնշում գործադրելով Զելենսկու վրա, ըստ էության՝ փորձել է ստանալ Կիևի օգնությունը՝ ընտրվելու երկրորդ ժամկետում:

Փոխանցում է tass.ru-ն: