03.10.2019 15:44

Մեքսիկայում անկարգությունների ընթացքում տուժել է 14 մարդ

Մեքսիկայում անկարգությունների ընթացքում տուժել է 14 մարդ

Չորեքշաբթի Մեքսիկայի մայրաքաղաքում, ի հիշատակ 1968 թ. զոհված ուսանողների կազմակերպված երթի ժամանակ ծայր առած անկարգությունների ընթացքում, տուժել է առնվազն 14 մարդ: Այդ մասին հաղորդել է քաղաքացիական անվտանգության նախարարությունը: Տուժածների թվում ոստիկանության վեց աշխատակիցներ են:

Իշխանությունների տվյալներով՝ երթին մասնակցել է մոտավորապես 10 հազար մարդ: Անվտանգությունն ապահովել են 12 հազար ոստիկաններ և քաղծառայողներ: Երթի ավարտին ագրեսիվ տրամադրված մի խումբ երիտասարդներ ճեղքել են արգելապատնեշը և սկսել են այրվող հեղուկով շշեր նետել ոստիկանության ուղղությամբ: Չնայած դրան՝ հնարավոր է եղել խուսափել ցուցարարների և իրավապահների խոշոր ընդհարումից:

Անցյալ շաբաթ Մեխիկոյում կազմակերպվել էր երթ՝ ի հիշատակ 43 ուսանողների, որոնք 2014 թ. առևանգվել էին Գեռերո նահանգում: Ցույցի էր դուրս եկել մոտավորապես 5 հազար մարդ, նրանցից առնվազն հարյուր հոգի սկսել էին կոտրել խանութների ու ռեստորանների ցուցափեղկերը, գրություններ թողնել շենքերի պատերին: Նման գործողությունների վնասը գերազանցել է 100 մլն պեսոն (5 մլն դոլարից ավելի):

Հինգ տարի առաջ Գեռերո նահանգի Իգուալա քաղաքում ուսանողական ցույցի մասնակիցները ենթարկվել էին զինված հարձակման: Տեղում զոհվել էր վեց մարդ, 20-ը վիրավորվել էին, իսկ 43 ուսանող անհայտ կորել էր: Հետաքննությանը հաջողվել է պարզել, որ նրանց փոխանցել են «Գեռերոս ունիդոս» խմբավորման անդամներին: Այդ բանդայի ձերբակալված անդամները խոստովանել են, որ սպանել են երիտասարդներին և այրել նրանց մարմինները:

Փոխանցում է tass.ru-ն: