03.10.2019 18:18

Հրայր Թովմասյան. Արմեն Ռուստամյանն ամեն ինչ ասել է

Հրայր Թովմասյան. Արմեն Ռուստամյանն ամեն ինչ ասել է

Իր լիազորությունների հարցով Աժ-ում մեկնարկելիք քննարկմանն ընդառաջ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հարցազրույց է տվել, որի ընթացքում, մեղմ ասած, մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել:

Հպանցիկ տեղեկացնենք, որ թեեւ հարցազրույցի սկզբում Թովմասյանը հայտարարում է, թե այս «փուլում ձեռնպահ կմնա գնահատականներ տալուց», որպեսզի դա չդիտարկվի  որպես ՍԴ-ի վրա ճնշում, սակայն կես րոպե էլ չի համբերում եւ սկսում է է՛լ քաղաքական, է՛լ իրավական «գնահատականների» մի ամբողջ շարան. է՛լ որ իշխանությունը «ցանկանում է չեզոքացնել ՍԴ-ն՝ որպես արգելապատնեշ», է՛լ որ այս ամբողջ գործընթացը քաղաքական է, է՛լ որ սա ոչ թե իր՝ Հրայր Թովմասյան անձի խնդիրն է, այլ ՍԴ լինել-չլինելու: Մեղա-մեղա, Լյուդովիկոսը կասեր՝ պետությունը ես եմ, ՍԴ-ն էլ՝ դո՞ւ, իր նախկին քաղաքական ղեկավարն էլ կասեր` յա, իրո՞ք:

Բայց Թովմասյանի հարցազրույցում էլ ավելի հետաքրքիր դրվագ կա,  ավելի խայտառակ դրվագ:

Այսպես, Թովմասյանը հայտարարում է, թե «որոշակի ժամանակահատված լինելով և՛ քաղաքականության մեջ, և՛ լինելով իրավաբան՝ պետք է մեկ հարցի հստակ պատասխանեմ՝ իրավաբանությունը չի սիրում պաթոսային, հուզումնալից ելույթներ, և որքան էլ պաթոսային լինեն խորհրդարանում հնչած ելույթները ՍԴ-ի մասին, դրանք բավարար չեն իրավական հետևություններ անելու համար»:

Եւ ուրեմն, հասկացանք, իրավաբանությունը պաթոս չի սիրում: Բայց հազիվ ենք հասցնում լսել Թովմասյանի այս խոսքն ու գոնե մի դրվագում համաձայնել նրա հետ, մեկ էլ ու ահա՝ նա շարունակում է.

«Սա կռիվ չէ Հրայր Թովմասյանի դեմ, Հրայր Թովմասյանի լինել-չլինելու խնդիր չէ ընդամենը, եթե սա լիներ իմ լինել-չլինելու խնդիրը, վստահեցնում եմ՝ շատ վաղուց այդ պաշտոնը թողած կլինեի: Ինձ համար սա սահմանագիծ է, ինձ համար սա այսօր մեր սահմանի ինձ վստահված տարածքն է՝ ՍԴ-ն, ինձ համար այդ սահմանին կանգնելը նույն հոգեբանական վիճակն է, ինչ որ այսօր մեր հայ-ադրբեջանական սահմանին կանգնած զինվորը, եւ այստեղ մեկ քայլ հետ գնալը, ընկճվելը, ճնշվելը՝ դրանք դավաճանությանը հավասար որոշակի խոսքեր են:  

Ինձ համար սահմանը Ղարաբաղի տալու-չտալու, Ղարաբաղի հարցի ինչպիսի լուծելու  անցնում է ՍԴ-ով, ինձ համար հայկական ինքնության պահպանման խնդիրը անցնում է ՍԴ-ով, այսօր ՍԴ-ն է կանգնած այն սահմանին, թե հայ ժողովուրդը ապրելու է իր ինքնությանը բնորոշ տնտեսական, սոցիալական, մշակութային, հոգեւոր արժեքներով, թե ապրելու է նենգափոխված, մուտացիայի ենթարկված ինչ-որ արժեքային համակարգերով»:

Հասկացաք, չէ՞, մարդը հայտարարում է, թե իրավաբանության մեջ պաթոսը տեղ չունի, ու մեկ էլ՝ ինքն է սկսում պաթոսի «գերդոզ» անել, այն էլ՝ ինչպիսի:

Ուրեմն, իր անձի մնալ-չմնալու հարցը նա կապում է է՛լ ԼՂ հիմնախնդրի հետ, է՛լ հայ ազգի արժեքների հետ, է՛լ ինքը սահմանին կանգնած զինվորն է: Մարդը փաստացի հայտարարում է, թե այսօր միայն ինքն է մնացել հայրենասեր, թշնամու դեմ կանգնած, դե թշնամին էլ, խոսքից պարզ է, չէ՞՝ իշխանություններն են, որ եկել են է՛լ Ղարաբաղը տան, է՛լ ազգի արժեքները մուտացնեն ու նենգափոխեն, ինքն էլ զինվորի պես կանգնել ու չի պատրաստվում լքել սահմանը:

Լսեցի՞ք, սահմանին կանգնած զինվորականներ, լսեցի՞ք, զինվորների ծնողներ, մարդը պարզ հայտարարում է, որ ինքը նույն բանն է անում, ինչ դուք, ընդ որում, եթե դուք միայն Ադրբեջանի հետ սահմանն եք պահում ոտնձգությունից, ինքը բոլոր սահմաններն է պատնեշել՝ հայ-ադրբեջանականից մինչեւ մշակութային ու արժեհամակարգային, որովհետեւ ինքը վերջին սամուրայն է, ինքը ալֆան է ու օմեգան, ինքը, փաստորեն, մեր ժամանակների վերջին մոհիկանն ու հերոսն է, ու եթե ինքը այնտեղ չլինի՝ վերջ, ազգովի կկործանվենք:

Փաստորեն, Հրայր Թովմասյանը լուրջ է ընդունել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի եւ Ռոբերտ Քոչարյանի մի խումբ «աջակիցների» քարոզչական մեսիջների տարափն այն մասին, թե «դու ես ժողովրդավարության վերջին բաստիոնը», ու հետեւաբար պիտի «կռիվ տաս ու չհանձնվես»: Այնպես է հավատացել, որ կարծել է, թե ինքն է ՍԴ-ն, եւ չտեսնելու է տալիս, որ նրանք նկատի ունեին իրենց վերջին բաստիոնը, նկատի ունեին, որ Թովմասյանին ընկալում են որպես իրենց անձնական օգտագործման ՍԴ նախագահ ընդամենը:

Իհարկե, կարելի է մարդկանց պաթոսով մանիպուլացնելու փորձ անող Թովմասյանին հիշեցնել, որ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը Կազանում պատրաստակամություն էր հայտնում իրականցնել բանակցային պայմանավորվածությունները եւ «զորքերը դուրս բերել անվտանգության գոտուց», այն է՝ նախկին ԼՂԻՄ-ին հարակից 6 շրջաններից, եւ ապա՝ 7-րդ շրջանից, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ծպտունը չէր լսվում: Մենք իհարկե, հասկանում ենք, որ նրա ծպտունը չէր լսվում մի պարզ պատճառով՝ որովհետեւ եթե ինքը գոնե մի քիչ քաջություն ունենար ու մեկ բառ անգամ ասեր Սարգսյանին, հաջորդ իսկ պահից ոչ միայն պաշտոնը կկորցներ, այլեւ իշխանությունները իրենց քարոզչական եւ կոմպրոմատային ռեսուրսներով նրան այնպես «կփչացնեին», որ նա մի քանի տարի առնվազն քաղաքական դաշտում չէր երեւա: Հատկապես, որ անգամ իշխանության մեջ լինելով՝ հանրապետական իշխանավորները իրենց հավաքների ժամանակ առանձնապես մեծ հարգանք չէին դրսեւորում  նրա հանդեպ եւ իրենց հումորներն ի ցույց էին դնում հրապարակավ:

Փոխարենը Թովմասյանը ամեն ինչ անում էր, որ լավ ծառայի ՀՀԿ-ական իշխանությանը, ապացուցի, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, իսկ ովքեր էլ որ այն ժամանակ պահանջում էին կառավարության հրաժարականը՝ հայտարարում էր՝ «ղալաթ են անում»:

Իհարկե, կարող ենք ավելի շատ բաներ հավելել, բայց դե էլ ի՞նչ հավելենք, ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը ժամանակին գոնե այս հարցով ամեն ինչ շատ ճիշտ էր ասել:

Պարգեւ Ապրեսյան